Ինչպես ճանաչել և կառավարել սթրեսն ու դեպրեսիան

Գործընկերային բովանդակություն

Ի՞նչ է սթրեսը, ե՞րբ է այն առաջանում

Սթրեսը հոգեկան և ֆիզիկական լարվածության վիճակ է, որն առաջանում է բարդ, անսովոր կամ վտանգավոր իրավիճակներում: Սթրեսը մարդու կյանքի, կենսագործունեության անբաժան մասն է, նրա օրգանիզմի բնական արձագանքն է առօրյա կյանքում ծագած խնդիրներին: Մարդը սթրես է ապրում, երբ զգում է, որ իր ուժերը բավարար չեն խնդիրն ու իրավիճակը հաղթահարելու համար:

Տարբերում ենք հոգեկան սթրեսների երկու հիմնական տեսակ՝ ինֆորմացիոն և հուզական: Ինֆորմացիոն սթրեսն առաջանում է տեղեկատվական գերծանրաբեռնված իրավիճակներում, երբ մարդը չի կարողանում լուծել խնդիրը, որոշումներ ընդունել իր ուժերից վեր պատասխանատվության և տեմպի պայմաններում։ Հուզական սթրեսները դրսևորվում են վտանգի ժամանակ, հոգեկան աշխարհը ցնցող իրավիճակներում, որոնք են՝ պատերազմ, բռնություն և այլն:

Սթրեսը հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով ու հանգամանքներով, բայց կարող է նաև ներքին ընկալումների արդյունք լինել, որոնք նրա մեջ առաջացնում են անհանգստություն, անհարմարության զգացողություն և այլ բացասական հույզեր:

Սթրեսը արտահայտվում է մի քանի փուլերով: Սկսվում է լարվածությամբ, տագնապի զգացումով, ուժերի մոբիլիզացմամբ՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան, և՛ հորմոնալ մակարդակներում:

Երկրորդ փուլը օրգանիզմի դիմադրությունն է սթրեսին, երբ մարդը սկսում է ճանապարհներ փնտրել սթրեսին դիմակայելու համար: Այդ ճանապարհները երեքն են՝

  • դուրս գալ իրավիճակից
  • փոխել իրավիճակը
  • փոխել վերաբերմունքը իրավիճակի հանդեպ

Սթրեսի երրորդ փուլը օրգանիզմում կուտակված ուժերի և էներգիայի սպառումն է, որը կարող է ազդել ընդհանուր հուզական վիճակի վրա, առաջացնել տարբեր հիվանդություններ և խանգարումներ:

Սթրեսի ազդեցությունը օրգանիզմի վրա. օգուտներ և վնասներ

Սթրեսն օգնում է մարդուն հարմարվել փոփոխվող միջավայրին, բայց կարող է հանգեցնել նաև առողջական խնդիրների:

Կարճաժամկետ կամ միանգամյա սթրեսը դրական ազդեցություն ունի, քանի որ օրգանիզմն այդ ժամանակ արտադրում է հորմոններ, որոնք ակտիվացնում են իմունային համակարգի բջիջները։ Դրա շնորհիվ կարճ ժամանակահատվածում լավանում է հիշողությունը, արագանում է հյուսվածքների վերականգնումը, ակտիվանում են մտավոր-ինտելեկտուալ կարողությունները, նյարդային համակարգը դառնում է առավել տոկուն, բարելավվում է զգայական օրգանների աշխատանքը:

Բայց եթե ​​մարդը երկար ժամանակ ենթարկվում է սթրեսի, նրա բոլոր օրգան-համակարգերը աշխատում են շատ լարված: Դրա պատճառով մարմինը ինտենսիվ սպառում է իր էներգիան՝ անցնելով տագնապի, դիմակայության և հյուծման երեք փուլերը:

Առաջին փուլը տևում է մի քանի րոպե։ Դրան հաջորդում է մի քանի ժամից մինչև մի քանի օր տևող շրջանը, որի ընթացքում մարդը փնտրում է խնդրի լուծումը կամ իրավիճակից դուրս գալու ապահով ելքը։ Եթե սթրեսային ​​գործոնի ազդեցությունը շարունակվում է, ապա մարմինը սպառում է հարմարվելու կարողությունը և դադարում է նվազագույնի հասցնել սթրեսորի վնասակար ազդեցությունը: Հենց այդ փուլում է, որ մարդն ունենում է գերծանրաբեռնվածություն, հոգեբանական խանգարումներ, սոմատիկ (մարմնական) հիվանդությունների նշաններ։

Սթրեսի պատճառները

Սթրեսի պատճառները միշտ չէ, որ կապված են արտաքին հանգամանքների հետ: Հաճախ սթրեսի հիմքում ընկած են նաև ներքին խնդիրները՝ վախերը, անհանգստությունը կամ կարևոր գործերի ու անելիքների անընդհատ հետաձգումը: Բացի այդ, պատճառ կարող է լինել քրոնիկ հիվանդությունը (հատկապես արտաքին տեսքի վրա ազդող), ավելորդ քաշը, օրգանիզմում վիտամինների և միկրոէլեմենտների պակասը, ավելորդ ֆիզիկական ակտիվությունը, վատ եղանակը և այլն:

Սթրեսի՝ ամենից շատ հանդիպող հոգեկան պատճառներն են՝

  • մասնագիտական ​​գործունեություն, երբ մեծանում է պատասխանատվությունը աշխատանքում
  • բարդ հարաբերություններ ընտանիքում
  • կոնֆլիկտներ, վախեր (ֆոբիաներ)
  • հաղորդակցման դժվարություններ
  • տարբեր տեսակի սպառնալիքներ
  • անլուծելի խնդիրներ
  • թիմում սոցիալական հարաբերություններ
  • չբավարարված կարիքներ
  • ցածր ինքնագնահատական
  • բնակության կամ աշխատանքի վայրի փոփոխություն
  • միապաղաղ գործունեություն
  • ամուսնալուծություն
  • սիրելիի մահ
  • տեղեկատվության չափից մեծ հոսք
  • հանգստի բացակայություն
  • հոգեկան-հուզական լարվածություն, որն առաջացել է ռիսկի, ժամանակի ճնշման, ծանրաբեռնվածության ավելացման, իրավիճակի փոփոխության կամ անորոշության պատճառով:

Ի՞նչ է մարդը զգում սթրեսի ժամանակ

Այստեղ խոսքը հիմնական և հաճախ հանդիպող ախտանշանների մասին է, որոնք են՝ արյան ճնշման փոփոխություններ, սրտի ռիթմի խանգարումներ, ախորժակի նվազում կամ լրիվ բացակայություն, երբեմն ախորժակի կտրուկ աճ, շնչառական համակարգի խանգարումներ՝ օդի պակասի զգացում, հաճախակի մրսածություն, գլխի, պարանոցի, ուսերի, մեջքի մկանների լարվածություն, անհանգստության զգացողության ուժեղացում, դյուրագրգիռ արձագանք անգամ չնչին անախորժություններին, գործողությունների պասիվացում, դեպրեսիա, ապատիա, քնի խանգարումներ, հիշողության և կենտրոնանալու ունակության վատթարացում, մտածողության տեմպի դանդաղում, քրոնիկ հոգնածություն, հոռետեսություն, հասարակությունից մեկուսանալու ցանկություն, գլխացավ, կրծքավանդակի, որովայնի ցավ, ախորժակի, մարսողական ֆունկցիայի խանգարում, մաշկի քոր և այլն։

Սթրեսի հետևանքները. առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սթրեսի պատճառով

Քրոնիկ սթրեսը ազդում է ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա: Դրա հետևանքները մի շարք քրոնիկական և սուր հիվանդություններ են առաջացնում։ Ամենամեծ թիվը կազմում են սրտանոթային համակարգի խանգարումները։ Նաև սրվում են ռևմատոիդ արթրիտի, 1-ին տիպի շաքարախտի, չոր լորձաթաղանթների (բերան և քիթ, կոնյուկտիվա, սեռական օրգաններ) և խոցային կոլիտի ախտանիշները։ Սթրեսը կարող է մեծացնել նաև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Շատ այլ հիվանդություններ նույնպես առաջանում են սթրեսային իրավիճակներից հետո թուլացած իմունային համակարգի պատճառով: Ի հայտ են գալիս նաև ցավեր մարմնի տարբեր հատվածներում: Դրանք են՝ լարվածության գլխացավ՝ սեղմող կամ ճնշող ցավ գլխի, ճակատի, ծոծրակի հատվածներում: Կարող է ուղեկցվել լույսի և ձայնի նկատմամբ գերզգայունությամբ, կենտրոնանալու դժվարությամբ, ախորժակի անկմամբ, ցավ կրծքավանդակում, որը կարող է տևել մի քանի օր՝ դժվարացնելով շնչառությունը և առաջացնելով ուժեղ հոգնածություն:

Քրոնիկ սթրեսը սովորաբար հանգեցնում է անոթային, սրտի իշեմիկ հիվանդությունների, ինսուլտի, զարկերակային ճնշման բարձրացմանը:

Աղեստամոքսային տրակտի խնդիրներ: Օրգանիզմը մշտական լարվածության պայմաններում չի կարողանում ճիշտ մշակել սնունդը՝ առաջացնելով ցավեր որովայնի հատվածում:

Ցավ իրանի և ուսերի հատվածում, որն առավել խոցելի է սթրեսի ժամանակ: Գերլարված մկանները սեղմում են նյարդերն ու անոթները՝ խանգարելով արյան նորմալ հոսքը՝ առաջացնելով մկանային սպազմ:

Մեջքի ցավ, որը հետևանք է մկանների լարվածության:

Ինչպե՞ս ազատվել սթրեսից

Միտքը, որ սթրեսը բուժում չի պահանջում, սխալ է և վտանգավոր: Սրվելու դեպքում այն հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան առողջության բավական լուրջ խնդիրների:

Եթե ​​ձեզ շարունակաբար անհանգստացնում է էմոցիոնալ անհարմարությունը, սրվում են ախտանիշները, ավելին, սոմատիկ ռեակցիաներ են ի հայտ եկել, անպայման դիմեք հոգեթերապևտի։ Բժիշկը կորոշի սթրեսի փուլը, կօգնի գտնել սթրեսի գործոնները և կընտրի բուժման համապատասխան մեթոդ, որը կազատի ձեզ հետագա լուրջ բարդություններից:

Ինչպե՞ս արագ հաղթահարել սթրեսը

Սթրեսի ազդեցությունը մեծ է, բայց այն կարելի է կառավարել: Ներկայացնում ենք մի քանի պարզ և պրակտիկ խորհուրդ:

Կարողացեք լավ բաներ հիշել:

Լարված պահին դադար վերցրեք, հաշվեք մինչև տասը: Վերահսկելով ձեզ՝ դուք ավելի քիչ սթրեսի կենթարկվեք:

Փորձեք ձեզ շեղել խնդրից: Մեկ րոպե նայեք պատուհանից ինչ-որ հեռու կետի, ձեր աչքերը կհանգստանան, որը նաև ձեզ հանգստություն կբերի:

Մի քանի անգամ խոր շունչ քաշեք:

Գոռացեք կամ լացեք: Այդպես դուրս կմղեք ձեր մեջ կուտակված հույզերը, որոնք սթրես են առաջացնում:

Ձգվեք: Մկանների լարվածությունը սթրես է առաջացնում: Երբ թուլացնում եք մկանները և լիցքաթափվում, լարվածությունը անցնում է:

Մերսեք պարանոցի մկանները: Երբ ձեզ լարված եք զգում, պարանոցի և մեջքի վերևի մասի մկանները մի քանի րոպե մերսեք և կհանգստանաք:

Բացեք բերանը և դունչը շարժեք ձախից աջ: Մկանները թուլանում են, պակասում է նաև լարվածությունը:

Հեշտ շնչելու համար ուղղեք կրծքավանդակը: Սթրեսի ժամանակ դժվարանում է շնչառությունը, որից մարդն էլ ավելի է անհանգստանում: Որպեսզի շնչառությունը կարգավորվի, հարկավոր է բարձրացնել ուսերը վերև, շնչել, հետ տանել ու արտաշնչել:

Տաք ջուր: Այն հանում է սթրեսը և կարգավորում է արյան շրջանառությունը:

Շատ շարժվեք, ֆիզիկական վարժություններ արեք: Նույնիսկ զբոսանքը կարող է օգնել թուլացնելու լարվածությունը:

Լսեք լավ երաժշտություն:

Սթրեսի կանխարգելում

Ըստ մասնագետների՝ սթրեսը հնարավոր է կանխարգելել՝ հետևելով մի շարք կանոնների ձեր առօրյա կենսակերպում:

  • պահպանել մշտական ​​ֆիզիկական ակտիվություն
  • օգտագործել սննդամթերք, որը պարունակում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ և միկրոէլեմենտներ
  • կատարել այնպիսի աշխատանք, որը ձեզ հաճելի է
  • կանոնակարգել քունը, պահպանել քնի ժամանակացույցը
  • դադարեցնել վատ սովորությունները
  • չմեկուսանալ մարդկանցից

Երբ խոսքը վերաբերում է երեխայի սթրեսը կանխելուն, կարևոր է վերահսկել նրա տեղեկատվության աղբյուրները, որպեսզի նա չհայտնվի բացասական ազդեցությունների տակ:

Դեպրեսիա

Ի տարբերություն սթրեսի՝ դեպրեսիան հոգեկան առողջության խանգարում է: Դեպրեսիան հիմնականում բուժելի խնդիր է: Անհրաժեշտ է միայն չմատնել անտարբերության: Դեպրեսիվ խանգարմամբ աշխարհում տառապում են տասնյակ միլիոնավոր մարդիկ:

«Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում այս խնդիրը նույնպես տարածված է, մոտավորապես 3,8 տոյոսն է կազմում բնակչության: Ամբողջ աշխարհում ամենատարածված խնդիրն է, 80 մլն մարդ է հաշվվում՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների: Այն ժամանակավոր անաշխատունակության հիմնական պատճառն է, որը բավական լուրջ կերպով գցում է մարդու կյանքի որակը»,- նշում է առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը:

Դեպրեսիան ազդում է մարդու մտածելակերպի, զգացմունքների և պահվածքի վրա, շեղում նրան բնականոն գործունեությունից:

Դեպրեսիայի տեսակները

Դիսթիմիկ խանգարում կամ դիսթիմիա: Այս տեսակը երկարատև է, բայց այն մարդուն անընդունակ չի դարձնում: Նրանք, ովքեր տառապում են դիսթիմիայով, կարող են զգալ նաև հիմնական դեպրեսիա:

Հայտնի են նաև հետևյալ տեսակները՝ հոգեկան դեպրեսիա, հետծննդաբերական դեպրեսիա, սեզոնային դեպրեսիա:

Նրանք, ովքեր տառապում են հոգեկան դեպրեսիայով, ունեն որոշակի հոգեկան խանգարում:

Իսկ սեզոնային դեպրեսիան սկսվում է ձմռանը, երբ պակասում է արևի լույսը:

Դեպրեսիայի առաջացման պատճառները

Դեպրեսիայի պատճառ կարող են լինել ժառանգականությունը, կենսաբանական և արտաքին հանգամանքները, կյանքի իրադարձությունները, ինչպիսիք են՝ սիրելիի կորուստը, աշխատանքից ազատվելը, ֆիզիկական հիվանդությունը և այլն:

Դեպրեսիայի են հանգեցնում նաև որոշ դեղեր, ալկոհոլը, թմրադեղերի չարաշահումը, դիետան, երեխայի ծնունդը, հորմոնային խանգարումները: Դեպրեսիայի կենսաբանական պատճառները պայմանավորված են նյարդահաղորդիչների՝ ուղեղի քիմիական հաղորդիչների խանգարմամբ:

Երիտասարդների շրջանում դեպրեսիայի պատճառ են հանդիսանում հորմոնները: Կլիմաքսի հետևանքով հորմոնների փոփոխությունը, վահանաձև գեղձի հիվանդությունը և այլ առողջական խնդիրները ևս նպաստում են դեպրեսիայի առաջացմանը:

Դեպրեսիայի հիմնական նշանները

Դեպրեսիայի նշանները տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել: Սակայն հիմնական նշանները բոլորի մոտ նույնն են: Դրանք են՝ թախիծի զգացում, ամենօրյա գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստ, անքնություն կամ չափից շատ քնելու հակում: Դեպրեսիվ մարդիկ շուտ են հունից դուրս գալիս և հաճախակի պոռթկումներ են ունենում: Ախորժակի կորուստը կամ աճը նույնպես բնորոշ է դեպրեսիվ մարդկանց:

Դեպրեսիկ մարդիկ անհանգիստ են և շատ դյուրագրգիռ: Նրանց մեջ բացակայում է սեռական ցանկությունը: Երկարատև տխրությունը և դատարկության զգացումը նույնպես դեպրեսիայի հիմնական նշաններից են: Դանդաղ խոսելը, մարմնի դանդաղ շարժումները, դանդաղ մտածելը և կենտրոնանալու անկարողությունը ևս դեպրեսիայի դրսևորումներից են: Դեպրեսիայով տառապող մարդկանց համար շատ դժվար է նույնիսկ ամենապարզ որոշումները կայացնել: Նրանք ունենում են նաև մեջքի ցավ, գլխացավեր:

Դեպրեսիայի մյուս նշանն է հիասթափության և հուսահատության ճնշող զգացողությունը, որից հեշտ չէ ազատվելը: Մարդը կարող է լինել անհույս, ունենալ մեղքի զգացողություն, էներգիայի պակաս, քնի խանգարում, բացասական մտքեր: Չի կարողանում նորմալ հարաբերություններ պահպանել շրջապատի մարդկանց հետ:

Ճիշտ բուժումը կարող է թեթևացնել դեպրեսիան: Կան նաև առօրյայում դեպրեսիան թեթևացնող միջոցներ, որոնք են՝

  • Յոգա և մեդիտացիա
  • Ծիծաղ
  • Ֆիզիկական վարժություններ
  • Արևի լույս

Խնդիրներ, որոնց բախվում ենք Հայաստանում

Ըստ ԱՆ Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանի՝ Հայաստանում սթրեսի և դեպրեսիվ խանգարումների հարցը բավական արդիական է ու տարածված՝ կապված նաև պատերազմի, բնակչության տեղահանության հետ:

«Խնդիր է նաև բացասական ինֆորմացիայի մեծ հոսքը, որ շուրջօրյա ստանում ենք հեռուստատեսությունից կամ մյուս լրատվամիջոցներից:

Իսկ սթրեսային հասարակություններում հոգեկան խանգարումներն ավելի շատ են ի հայտ գալիս: Մեկ այլ խնդիր՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ մասնագետի դիմել: Երբ մարդը տառապում է դեպրեսիայով, պետք է դիմել ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի: Դեպրեսիայի բուժմամբ պետք է զբաղվեն հոգեբույժները: Այս հարցում Հայաստանում մենք լուրջ խնդիր ունենք: Մարդիկ այս հարցում ադեկվատ չեն: Ամենամեծ խնդիրն այն է, որ հոգեբույժի դիմելը հասարակության շրջանում խարան է դիտվում, և դրա պատճառով մարդիկ խուսափում են, փորձում են ամեն ինչ պահել իրենց մեջ:

Շատ կարևոր է, որ կարողանան կանխարգելել սթրեսը առողջ ապրելակերպի միջոցով՝ քունը, սնունդը կարգավորելով, ֆիզիկական ակտիվությամբ, միջանձնային շփումները առավել ակտիվացնելով: Բայց եթե սթրեսը չեն կարողանում հաղթահարել, պետք է դիմեն հոգեկան առողջության մասնագետին»:

Մեկնաբանել