Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդ նախագահ Շառլ Միշելը։ Լուսանկարը՝ Ֆեյսբուքի նրա պաշտոնական էջից։

Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ազատության հետ հարցազրույցում։

«Կարծում ենք, որ էթնիկ հայերը պետք է վերադառնալու իրավունք ունենան կամ գոնե կարողանան այցելել Ադրբեջանի այդ հատված, և նրանց անվտանգությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն։ Փոքրամասնությունների պաշտպանության մասով կան միջազգային չափանիշներ, որոնք պետք է հարգվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, որի շրջանակում էլ պետք է փոքրամասնությունների այդ իրավունքները երաշխավորվեն»,- ասել է Միշելը։

Միշելը նշել է, թե Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, և Եվրամիությունն այդ հարցի շուրջ շարունակում է բանակցությունները Բաքվի ղեկավարության հետ։

Հայկական կողմը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո պնդում էր, թե Ղարաբաղի հայերին պետք է անվտանգության ու իրավունքների պահպանման միջազգային երաշխիքներ տրվեն։ Ազատության հարցին, թե խաղաղության համաձայնագրում այդ հարցին արդյոք անդրադարձ կա, թե Ղարաբաղի հայաթափումից հետո այն կորցրել է հրատապությունը, Եվրոպական խորհրդի ղեկավարն արձագանքել է, թե չի ուզում խորանալ մանրամասների մեջ և ընդգծել, որ այդ հարցով երաշխավորը պետք է Ադրբեջանի իշխանությունները լինեն։

«Մենք շատ ենք շփվում Ադրբեջանի նախագահի հետ այս թեմայով, որպեսզի բարձրացնենք աչալրջությունը և փորձենք համոզել Ադրբեջանի իշխանություններին ցույց տալ, որ նրանք ցանկանում են պաշտպանել փոքրամասնություններին և երաշխավորել, որ միջազգային չափանիշները պահպանվեն: Սա է քաղաքական բանավեճը, որ ունենք, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք կարող ենք առաջընթաց գրանցել ԵՄ-ի համար գերակա հարցում»,- նշել է Շառլ Միշելը:

Հոդվածն ամբողջությամբ՝ Ազատության կայքէջում։

Մեկնաբանել