Ապօրինի ծագմամբ հինգ միավոր գույք կանցնի պետությանը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով մի շարք գույքեր կդառնան պետության սեփականությունն ու կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում է մի հարց, որով վեց միավոր անշարժ գույք, որոնք պատկանում էին Էրեբունիի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին և Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին, կամրացվեն պետական գույքի կառավարման կոմիտեին։

Արմեն Հարությունյանն ու Վաչագան Ղազարյանն անցնում էին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Ղազարյանի հետ թեպետ դատախազությունը մասնակի հաշտության է եկել, բայց նրա ունեցվածքի մյուս մասի հետ կապված դատաքննությունն ընթացքի մեջ է։

Էրեբունիի նախկին թաղապետը հաշտության համաձայնագրով պարտավորվել է ՀՀ-ին վերադարձնել Վաղարշյան փողոցում գտնվող ավտոտնակ, իսկ նրա փոխկապակցված անձի՝ Մարինա Նալբանդյանի կողմից պետությանն է հանձնվելու Range Rover Sport Supercharged մակնիշի ավտոմեքենա։ Բացի դրանից, Հարությունյանը պարտավորվել է ՀՀ-ին փխանցել 28,7 միլիոն դրամ՝ ըստ ժամանակացույցի։

Վաչագան Ղազարյանի հետ կնքված մասնակի հաշտությունը ենթադրում է պետությանը վերադարձնել Ծովակալ Իսակով 25/2 հասցեի հասարակական տարածքն ու 2,1 հեկտար մակերեսով հողամասը, Ծովակալ Իսակով 25/4 հասցեի հասարակական տարածքն ու ավելի քան 1 600 քառակուսի մետր մակերեսով հողամասը, Իսակովի 25/3 հասցեի 1,4 հեկտար հողամասը։ Վաչագան Ղազարյանը հաշտության համաձայնագրով ևս մեկ հողամաս պետք է վերադարձնի պետությանը, այն նույնպես գտնվում է Ծովակալ Իսակովի պողոտայում։ Այս հողը, սակայն, պետական գույքի կոմիտեին ամրացվող գույքերի ցանկում դեռ ներառված չէ։

Մեկնաբանել