Ադրբեջանն ընդունել է հունվարին ԱՄՆ-ում Միրզոյան-Բայրամով հանդիպում անցկացնելու հրավերը. Մարուքյան

Ադրբեջանն ընդունել է հունվարին Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելու Միացյալ Նահանգների հրավերը, «Առաջին ալիքին» տված հարցազրույցում այդ մասին հայտարարել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ Մարուքյանի խոսքով՝ չկա խաղաղության պայմանագրի վերջնականացրած նախագիծ, որը պատրաստ կլինի ստորագրման. «Հույսն այն է, որ հունվարին արտգործնախարարների մակարդակով սպասվող հանդիպմանը, որին Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը, պետք է որ մենք հասնենք նրան, որ պայմանագրի տեքստը վերջնականացվի»,- ասել է նա։

Մեկբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Բրյուսելյան բանակցությունները վերսկսելու մասին հայտարարությունը, Մարուքյանը նշել է․ «Բրյուսելի մասով աշխատանքները երբեք չեն էլ դադարել։ Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է դրան, որ իրենք շարունակում են աշխատանք տանել, որ Բրյուսելում տեղի ունենա հանդիպում»։

***

Բաքուն հրաժարվել էր նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, նշել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում «դրական ու կառուցողական» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում գրել էր․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»։

Մեկնաբանել