Սիրիահայերն ունեն բնակության վայրի, աշխատանքի և կրթության խնդիրներ

Սիրիայում զենք վերցրած տեղացիների մեկնաբանությամբ՝ եթե հայերը կարողացել են իրենց համար կյանքի բարեկեցիկ պայմաններ ապահովել, ապա դա արել են իրենց՝ սոցիալապես ոչ ապահով ներկայիս զինյալների հաշվին, ինչի համար էլ անդադար փորձում են հայերին ներգրավել հակամարտության այս կամ այն կողմում. այս մասին այսօր «Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում խոսեց Դամակոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանը:

«Հայ գաղութը դիրք [հակամարտող ուժերի միջև] չունի և չպիտի ունենա: Մենք կհավատանք կայունութեան, մենք կհավատանք երկխոսութեան, հակամարտութիւնը իսկապես շատ մը տեղական շրջանին և շատ պետություններու շահերու հանգույցում է»,- նշեց նա:

Թեպետ այս ողջ ընթացքում փորձ է արվել հայերից կոնկրետ դիրքորոշում կորզել, կամ որոշակի հետաքրքրություններով ներգրավել այս կամ այն կողմում, սակայն սիրիահայ գաղութն ամուր արտահայտել է իր կամքը՝ կողմ է երկխոսությանը և խաղաղությանը:

Գիտակցելով, որ դրությունը կարող է շատ ավելի վատանալ՝ սիրիահայերերը շտապ օգնության մարմին են ստեղծել, որում ներգրավված են հայկական բոլոր կառույցները: Քանի դեռ իրավիճակը շատ չէր բարդացել, ձեռք են առնվել մի շարք միջոցառումներ, նշել Սիրիայում առավել վտանգավոր հայաբնակ շրջանները, հաշվառել են հայ ընտանիքները:

Օրինակ, Դամասկոսում, ըստ բանախոսի, ամբարել են սննդի որոշակի պաշար՝ աչքի առաջ ունենալով վատթարագույն սցենարը: Պահում են հստակ վիճակագրություն, գիտեն հայերի տեղաբաշխումները, և ստանալով ահազանգ, թե որտեղ է եղել ռումբի պայթյուն, անմիջապես կապվում են այդ թաղամասի հայերի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում «Շտապ օգնության» երիտասարդները շտապեն օգնության:

Արմաշ սրբազանը թվեց սիրիահայերի հիմնախնդիրները. կա անվտանգության խնդիր. պայթյուններ կարող են որոտալ ցանկացած պահի: Կա գործազրկության խնդիր, քանի որ շատերը հիմա ուղղակի չեն կարող գնալ իրենց աշխատավայրերը: Կա բնակության վայրի խնդիր, քանի որ շատերի բնակարանները մասամբ կամ ամբողջությամբ ավիրվել են, և նրանք ապաստանում են ծանոթ-բարեկամների տներում: Կա կրթության խնդիր, քանի որ ծնողները վախենում են իրենց զավակներին դպրոց ուղարկել:

Անդրադառնալով հայաշատ քաղաքաներին՝ եպիսկոպոսը նշեց, որ դրանք նաև առավել վտանգավորներն են. Դամասկոսը Սիրիայի քաղաքական սիրտն է, և հարվածն այդ սրտին պիտի հանդիսանա հարված կառավարության սրտին: Իսկ Հալեպը Սիրիայի տնտեսական սիրտն է. և հայտնի է, որ Հալեպի տնտեսությունը մեծապես պայմանավորված է հայերի գործունեությամբ:

Արմաշ սրբազանը դիտարկեց, որ Սիրիայում դարեր շարունակ ապրել են տարբեր դավանանքների տեր մարդիկ՝ յուրաքանչյուրը սիրիական մեծ ծաղկեփնջում իր ուրույն գեղեցկությունն ու բույրն ունենալով: Եվ թերևս, կրոնական հիմքեր այս բախումներում չկան:

Այն լուրերին, թե սիրիահայ գաղութը կարող է վերանալ, եպիսկոպոսը հակադարձեց. մտահոգություն կա անվտանգություն գտնելու, սակայն սիրիահայ գաղութը հազիվ թե գաղթի. Սիրիայում սպասում են, որ ավարտվի զինված հակամարտությունն ու վերահաստատվի խաղաղությունը: Այնտեղ դարերով ստեղծված հայկական մշակույթի մասունքներ կան, որ հայերը չեն ուզի լքել, այնտեղ հայկական բազմամյա պատմություն կա, որ ափսոս է ընդհատել: Սիրիայից Հայաստան եկող 100-ից 90-95-ը գալիս է միայն ժամանակավոր ապահովության համար և, ըստ եպիսկոպոսի, խաղաղության հաստատումից հետո վերադառնալու է:

Մեկնաբանել