Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարծում, որ Հայաստանի շահերից է բխում Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը։ ՌԴ նախագահը դեկտեմբերի 14-ին ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետի՝ նշված կառույցների շրջանակներում նախատեսված միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը։
«Ի վերջո, դա պետության ընտրությունն է… բայց ինչ վերաբերում է միջոցառումներին Հայաստանի վարչապետի բացակայությանը, ապա մենք գիտենք, որ դա կապված է Հայաստանում որոշ գործընթացների հետ և կապված չէ ինտեգրացիոն միավորումներում աշխատանքը շարունակելու ցանկության կամ չցանկանալու հետ»,- ասել Է նա։
Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը չէ, որ հրաժարվել է Լեռնային Ղարաբաղից․ «Հայաստանն էր, որ ընդունեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Եվ մեզ առանձնապես չեն տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշում ընդունել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես չէին ներկայացել ՀԱՊԿ վերջին նիստերին։
Փաշինյանը չէր մասնակցել նաև հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխարեն էլ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացված ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցել էր ԱԳ նախարարի տեղակալը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չէր մասնակցել նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
***
2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։
2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։