Օգնի՛ր քո համայնքին Rise-ի օգնությամբ

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Rise ծրագրին, և Թումոն կրկին հանդիսանում է այս միջազգային կրթական բարեգործական նախաձեռնության պաշտոնական գործընկերը: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը՝ որպես Rise-ի պաշտոնական ներկայացուցիչ, պատրաստ է աջակցել յուրաքանչյուր պատանու, որը ցանկանում է դիմել ծրագրին։

2022-ին Rise-ն ունեցել է հազարից ավելի մասնակից Հայաստանից։ Հայ պատանիներից չորսը ներառվել են 400 ֆինալիստների ցանկում:

Այդ ֆինալիստներից մեկը Միլենա Սարգսյանն է, որը Թումոյի ուսանող է:

Միլենա Սարգսյանը

Իմ ծրագիրը կոչվում է Save the planet, այն ուղղված է բնապահպանությանը։ Մինչ ծրագրի մասին տեղեկանալը, ես ու ընկերներս ունեինք տելեգրամյան ալիք, որտեղ հավաքվել էր մեծ լսարան. շրջում էինք Հայաստանում և մաքրում այն աղբից, հետո հավաքված աղբը տալիս վերամշակման: Rise-ը լավ հնարավրություն էր իմ արդեն իսկ ունեցած ծրագիրը հանրությանը ներկայացնելու համար:

Միլենայի խոսքով՝ Թումոն ծրագրի բոլոր փուլերում օգնել է իրեն՝ տեխնիկա տրամադրելուց մինչև սլայդերի կազմում ու դիմումի հետ կապված այլ հարցեր: Քանի որ Միլենան ընդգրկվել է ֆինալիստների, ոչ թե հաղթողների ցանկում այս տարի ևս կարող է և ցանկանում է մասնակցել ծրագրին։

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համայնքի ինտեգրման մասնագետ Մարի Մելոյանը պարզաբանեց մրցույթի պահանջները․ դիմորդները պետք է 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ լինեն 15-ից 17 տարեկան, ունենան անգլերենի բավարար իմացություն և մարդկության խնդիրներից որևէ մեկը լուծող ծրագիր ներկայացնեն:

Մասնակիցները պարտադիր չէ, որ ունենան անգլերենի բարձր մակարդակ, պարզապես անհրաժեշտ է, որ իրենց մտքերը կարողանան անգլերեն ձևակերպել: Թյուրըմբռնում չառաջացնելու համար ասեմ, որ դիմորդներ կարող են լինել բոլորը՝ անկախ Թումոյի ուսանող լինելու հանգամանքից։ Թումոն պատրաստ է օգնել բոլոր դիմորդներին:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը լինելով, Global Rise Challenge-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, բացի օգնություն տրամադրելուց, կազմակերպում է առցանց և կենդանի հանդիպում-քննարկումներ Rise-ի մասին առավել շատ տեղեկատվություն հաղորդելու համար։

Քրիսթիան Մաբոկոն

Վերջերս Թումոն հյուրընկալեց Global Rise Challenge 2021-ի հաղթողներից Քրիսթիան Մաբոկոյին, որը պատանիների հետ կիսվեց իր փորձառությամբ, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին:

Ծրագրի ֆինալիստները հասանելիություն են ստանում հաղթողների համաշխարհային ցանցին, որը մեծ ցանցային հարթակ է, իսկ հաղթողները ստանում են ֆինանսական աջակցություն ամբողջ կյանքի համար: Ֆինալիստ դարձած ուսանողները մշտական կապի մեջ են լինում տարբեր երկրների մասնակիցների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու համագործակցությունը ու կրթության այլ մոդելների քննարկումը:

Եվ այսպես, եթե դու 15-ից 17 տարեկան ես, շտապի՛ր դիմել Rise-ին, լուծո՛ւմ տուր քո համայնքի կամ մոլորակի խնդիրներին և ստացի՛ր ֆինասնական աջակցություն կրթական ոլորտում: Դիմումների վերջնաժամկետը հունվարի 17-ն է։

Հոդվածը պատրաստեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Շողեր Սահակյանը

Մեկնաբանել