«Ռոսատոմ»-ը կարող է «Նաիրիտի» ռեկուլտիվացում իրականացնել

«Ռոսատոմ»-ը կարող է Երևանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման աշխատանքները: Այդ մասին հայտնել է «Ռոսատոմ»-ի բնապահպանության ոլորտում պետական և ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայկական կողմի դիմումով անցյալ տարի մենք ձեռնամուխ եղանք այդ հարցի մշակմանը։ Երևան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում իրականացված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը: Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների դեպքում, հայկական կողմից հետագա ուշադրության և հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,- ասել է Լեբեդևը:

Նրա խոսքով՝ ռուս մասնագետները գույքագրել են այն թափոնները, որոնք կուտակվել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում:

ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության առաջատարներից մեկը՝ «Նաիրիտ»-ը, կաուչուկի արտադրության մենաշնորհատեր էր: 1989 թվականին բնապահպանական շարժման ճնշման ներքո փակվեց «Նաիրիտ»-ը: Ձեռնարկության տարածքում մնացել է շուրջ 13 հազար տոննա վտանգավոր թափոն:

Մեկնաբանել