Պուտինը հուսով է, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի ԱՊՀ երկրների ղեկավարներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Այդ մասին ՌԴ նախագահն ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում:

«Կխնդրեի ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների ղեկավարներին, որոնց հետ հույս ունեմ հանդիպել շատ շուտով՝ դեկտեմբերի վերջին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը»,- ասել է նա։

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

***

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում նախատեսված չէ, բայց, ըստ նրա՝ «դա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին․ «Որոշում այս պահին չկա, բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում»,- նոյեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Սիմոնյանը։

Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ամիսներին չի մասնակցել ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերին։ Կառույցների նիստերին չեն մասնակցել նաև ՀՀ արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, անվտանգության խորհրդի քարտուղարը, Ազգային ժողովի նախագահը։

Մեկնաբանել