Օրերս ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում էր Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած՝ 7-րդ դասարանի պատմության դասագրքի ճակատագիրը։ Հեղինակը, գրքի ընդդիմադիր նրա գործընկերներն ու նախարարության աշխատակիցները եկան ընդհանուր հայտարարի, որ հեղինակը թեև պատմական նյութի դասավանդման նոր, թարմ եղանակներ է առաջարկում, բայց քիչ չեն աղավաղումները, փաստական սխալները, որոնք շտկման կարիք ունեն։
Ինչո՞ւ էին, ուրեմն, հեղինակն ու այդ թարմությունը նկատողները որակվում «ծախու սորոսականներ», բայց որ ավելի արտառոց է՝ անձամբ հեղինակն ու նախարարը այդ սխալները մատնացույց անողներին կոչում էին կեղծ, պաթոսային հայրենասերներ։ Հենց այդ գրքի առիթով խիստ գործածական դարձավ «ուռա հայրենասեր» պիտակը։
Երկու տասնամյակ առաջ հայտնի հայ բանաստեղծուհու հետ քայլում էինք Երևանի փողոցներից մեկում, երբ անսպասելի հարցրեց՝ ազգայնակա՞ն եմ, թե՝ կոսմոպոլիտ։ Այդ հարցի մասին հաճախ էի մտածել, բայց ոչ այն մասին, թե ինքս ինչպիսին եմ։ Առանց երկար-բարակ գցել-բռնելու պատասխանեցի․ «Եթե մեր հանրությունը համակված լիներ ազգայնականության հիվանդությամբ, ես կլինեի կոսմոպոլիտ, բայց քանի որ այսօր ապազգայնությունն ավելի տարածուն է ու համակարգային, ես ինձ ազգայնական եմ համարում»։
Զրուցակիցս բացեց իր խրատի ու վրդովմունքի տոպրակը․ «Ինչպե՞ս կարող է հայ գրողը, մտավորականը իրեն թույլ տալ ասելու, թե ազգայնական է»։
Հիշեցի այդ թեմայի շուրջ դրանից մեկ-երկու տարի առաջ գրված հոդվածս ու մեջբերում արեցի․ «Արվեստի, գրականության մեջ ճշմարիտ հայ ստեղծագործողը մի ոտքով պիտի հենված լինի Արարատին, մյուսով՝ Պառնասին»։
Վրդովմունքն անցավ, ժպտալով ասաց․ «Ուզում ես ասել, որ պիտի կարողանանք համադրել ազգայինն ու համամարդկայինը»։
Գրեթե ճիշտ էր կռահել, բայց նկատի ունեի ոչ այնքան դրանց համաձուլվածքի վերարտադրությունը, որքան սեփական արժեքային համակարգում դրանք բնականորեն կրելը։
Այդ դեպքից տասնամյակներ են անցել, սակայն թեման կամ դիսկուրսը ոչ միայն չի մեղմվել, այլև շատ ավելի սրվել է՝ դառնալով թշնամության և միմյանց նկատմամբ ատելության առիթ ու պատճառ։
Այսօր՝ քսան տարվա հեռավորությունից այդ օրվա մեր զրույցը անմիտ ու անիմաստ է թվում, որովհետև երկուսիս խոսքի մեջ էլ գերիշխողը կաղապարային կարգախոսներն ու բանաձևերն էին։ Իսկ կաղապարված կարգախոսի ազդեցության տակ ընկնելը ոչ միայն խաթարում է ինքնուրույն մտածողությունը, այլև մարդուն դարձնում գաղափարամոլ։
Վերջին այդպիսի կաղապարային բանաձևումը պաթոսային կամ ուռա հայրենասիրություն պիտակավորումն է։
Այո՛, եղել է և կա պաթոսային կամ կենացային հայրենասիրություն երևույթ, որը հսկայական վնասներ է հասցրել մեր թե՛ մտածողությանը և թե՛ վարքին։ Բայց այսօր կա նաև դրա հակառակ աստառը։ Երկրի ներկայի ու ապագայի վերաբերյալ ցանկացած սրտացավ խոսք կամ գնահատական միանգամից խցկում են «ուռա հայրենասիրություն» նորահնար պիտակի տակ։
Եթե կան մարդիկ, ծախվածների անդուլ որոնումներով համակված խմբեր, որոնք 7-րդ դասարանի պատմության դասագիրքը համարում են ուրացում և հեղինակին՝ ազգի դավաճան, դա չի նշանակում, որ փաստական սխալները, իրական թերություններն ու բացթողումները մատնացույց անողները պիտի որակվեն «ուռա հայրենասերներ»։
Գիրքն ամեն գնով պաշտպանողները, ինչպես երկրի քաղաքական գլխավոր խոսույթն է, ամեն ինչ փորձում են բխեցնել ու արդարացնել նախկիններից ու նախկիններով։ Նախկին դասագրքերում, ակադեմիական հրատարակություններում եղած սխալները հիմք չեն նոր գրքի սխալներն արդարացնելու համար։
Սեփական սխալներն արդարացնելու «բա դո՞ւք, բա ձեր ժամանա՞կ, բա ձեր արա՞ծը, բա ձեր գրա՞ծը» կաղապարները ձանձրացնում և հուսահատության են մղում մտածող մարդուն ու հանրությանը։
Վատն է այն ֆուտբոլային մրցավարը, որն անարդարացիորեն տասնմեկ մետրանոց հարված չի նշանակել, չի նկատել կոպիտ խախտումը, ուշացումով հասկացել է իր սխալը և րոպեներ անց նույն դարպասին «պենալ» է նշանակում արդեն անտեղի։ Նա այդպիսով ոչ թե ուղղում է սխալը, այլ երկրորդ սխալը գործում։
Ստացվում է, որ հենց նրանք՝ գաղափարամոլ երկու հակադիր խմբերն են խանգարում անկողմնակալ, արժանահավատ ու տեղին գնահատականն ընդունելուն։ Ստացվում է նաև, որ հայրենասիրությունը լինում է միայն ուռա ու պաթոսային, և ոչ այլ կերպ։
Ոչ մի պախարակելի բան չկա հայրենիքի կամ երկրի կենացը բարձրացնելու մեջ, եթե այն կեղծավոր չէ, եթե այդ կենացը հակասության մեջ չէ կենացասացի վարքի, կենցաղավարության, գործերի ու մտածողության հետ։ Թվում է, թե ավելի պարզունակ բան չկա, բայց նկատել եմ, որ մարդիկ արդեն խուսափում են այդպիսի կենացներ ասել։ Ոչ այն պատճառով, որ իրենք քննել են իրենց էությունն ու հասկացել՝ իրավունք չունեն հայրենիքի անունը տալու, որովհետև իրենց խոսքին համապատասխան գործ չի հետևում։ Խուսափում են, որպեսզի մեկը հանկարծ կողքից չխայթի, թե՝ սկսվեց կենացային, ուռա հայրենասիրությունը։
Մեկ-երկու տարի առաջ, երբ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների առաջարկվող ցանկը հրապարակվեց, չմնաց մեկը, որ այս երկու խմբերի հարվածների տակ չհայտնվեր։ Ամենից շատ բաժին հասավ երկու տաղանդավոր ու ինքանտիպ գրողների՝ բանաստեղծուհու և արձակագրի։ Գուցե սխալվում եմ, բայց վերջինիս «Եթե սա գրող է» էսեների ժողովածուի վերնագիրն այդ հարձակումների ենթագիտակցական արձագանքն է։
Մի քանի օր առաջ Մուշեղ Գալշոյանի 90-ամյակն էր, և այդ առիթով համացանցի գրական տարբեր էջերում հայտնվեցին նրա մի քանի պատմվածք, վեպերից փոքրիկ հատվածներ։ Նույն օրը սոցիալական ցանցերում եղան մեկնաբանություններ, որ դրանք արդեն հին են, ազգայնական, ինչքան կարելի է պետությունը թողած՝ կորցրած հայրենիքի կարոտով տապակվել։
Քանի դեռ չենք ընդունել, որ պահպանողականությունը հետադիմություն չէ, ինչպես որ նորարարությունը, նորի անգամ հեղափոխական ձգտումը՝ ազգուրացություն, առաջ կգան էլի ու էլի «կլիշեներ», որոնք ոչ միայն մեր մտածողության սահմանները կկրճատեն, այլև առաջ շարժվելու մեր հնարավորությունները։