Հասմիկ Հովհաննիսյան
Արամ Աբրահամյանը անկախ Հայաստանում մամուլի կայացման առանցքային դեմքերից է։ 90-ականները հաշվի չառան խորհրդային վերջին սերնդի՝ իրենց համար արդեն կանխորոշված ապագան ու թելադրեցին նոր կենսագրություններ։ Նախկինում սոլֆեջիոյի ուսուցիչ, երաժշտագետ Արամ Աբրահամյանը սկսեց ռազմաճակատից ռեպորտաժներ անել, դարձավ առաջին նախագահի մամուլի քարտուղարը։ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների մասին մտածումները սկսեցին ընդհատվել մամուլի ու քաղաքականության մասին մտքերով։ Կամ՝ հակառակը։
Պերեստրոյկայի տարիները
Արամ Աբրահամյանը ծնվել է 1960-ի փետրվարի 17-ին Երևանում՝ դասախոսների ընտանիքում։ Հայրը փիլիսոփա Լևոն Աբրահամյանն է։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այն տարիներին, «երբ խորհրդային գաղափարախոսությանը համարյա ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, իսկ Բրեժնևի մասին բոլորը խոհանոցում կատակներ էին անում։ Ինձ թվում է՝ առաջին դեմքերը՝ Կարեն Դեմիրճյանն ու մնացածը, նույնպես չէին հավատում այդ գաղափարներին»։
Բուհն ավարտելուց հետո Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում երգեցողության ուսուցիչ էր։ «Պերեստրոյկան» արդեն սկսվել էր, երբ Աբրահամյանը դարձավ Գիտությունների ակադեմիայի Արվեստագիտության ինստիտուտի գիտաշխատող, իսկ Հայաստանում սպասվող մեծ ալիքը արդեն ուրվագծվում էր։ «Իմ հոգեկերտվածքով, կարելի է ասել, ես կաբինետային մարդ եմ, ես ընդհանրապես չեմ սիրում հրապարակայնություն, չեմ սիրում դուրս գալ փողոց, բայց բնականաբար այդ ժամանակ չեմ պատկերացնում մարդու, որը միտինգի շարքային մասնակից չէր»։
Երաժշտությունից՝ քաղաքականություն
Պատերազմի առաջին օրերից Աբրահամյանը ռեպորտաժներ էր պատրաստում ճակատից։ Նրա կարծիքով՝ հենց այդ ռեպորտաժների շնորհիվ իրեն նկատեց ու հավանեց նախագահ Տեր-Պետրոսյանը։
Պատմում է, որ իր նկատմամբ համակրանքը մեծ չէր, քանի որ կուսակցական չէր՝ «դրսի մարդ էր»․ «Պետական հիերարխիան, պետական խարդավանքները՝ ով քանի անգամ շեֆի մոտ մտավ, ով ավելի լավ է էս ինչ շեֆի հետ, ով ավելի լավ է՝ էդ ամենը ինձնից շատ հեռու է»։
1994-ին՝ պատերազմն ավարտելուն պես, լքեց մամուլի քարտուղարի պաշտոնը։
(Ան)անկախ մամուլը
1994-ին արգելվեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեությունը, փակվեցին կուսակցության թերթերը։ Աբրահամյանի բառերով՝ ինքը փորձում էր պահել իշխանության հետ ձևավորված դրական հարաբերությունները, բայց չէր խուսափում ՀՀՇ-ի անդամներին կատարվողի վերաբերյալ իր դժգոհությունը հայտնելուց։
1995-ին առժամանակ փակվեց նաև «Գոլոս Արմենիի» ամենասուր ընդդիմադիր թերթերից մեկը։ Ինչ-որ ժամանակ «Գոլոս Արմենիի»-ն չէր տպագրվում։
Հիշում է իր նկատմամբ սպառնալիքները, օրինակ՝ դեռ ՀՀՇ իշխանության ժամանակ խոստանում էին «Առավոտ» օրաթերթի խմբագրության պատուհանից՝ 15-րդ հարկից, ցած նետել։
Ճնշումներ եղան նաև ավելի ուշ՝ 1998-ի իշխանափոխությունից հետո, երբ Աբրահամյանն «Առավոտ» թերթում էր աշխատում․ «Չէ դեռ խմբագիր չէի, դեռ ազատ քաղաքացի էի։ Ինձ ասացին, որ դա արել է ԴՐՈ կառույցը»։
Չնայած դրան՝ Արամ Աբրահամյանը չի ժխտում, որ «Առավոտ»-ը ևս լիովին անկախ չէր, բայց ափսոսանք չի զգում, քանի որ, իր խոսքով, չկա և չի կարող լինել լիովին անկախ լրատվական, «պատերը կարող են լինել նեղ և լայն։ Իմ պատերը լայն էին»։
1990-ականները՝ հետահայաց
1990-ականների նկատմամբ վերաբերմունքն Աբրահամյանը ամփոփում է այսպես. «Ինձ համար իննսունականները հաղթանակի տարիներ էին։ Շատ վատ էին 1995-ի ու 1996-ի կեղծված ընտրությունները, բայց դրանք ճակատագրական նշանակություն չունեցան։ Ճակատագրականը 98-ի իշխանափոխությունն էր, որը թույլ չտվեց կարգավորել Ղարաբաղի հարցը խաղաղ ձևով և տարավ ազգայնական ռոմանտիկայի ճանապարհով, որով ապրում էինք մինչև 2020-ը։ Իննսունականների մամուլը կարող էր լինել ավելի անկախ, ճնշումները՝ ավելի քիչ, նախագահն ու իշխանությունն էլ ինձ համար ամենաընդունելին չէին։ Ես էլ լիովին անկախ չէի։ Բայց կա մի բան․ ես կարողանում եմ բաժանել 1988-ի ազնիվ շարժումը բոլոր տեսակի բացասական բաներից»։
Կարդացեք նաև՝
Խորհրդային դիսիդենտների պատմությունից․ Ազատ Արշակյան
Հայ այլախոհների պատմությունից․ Արսեն Ղազարյան
Հայ այլախոհների պատմությունից․ Պարույր Հայրիկյան
1988-ի շարժումը․ ուսանողական հիշողություններ
Պերեստրոյկա, բնապահպանություն և Ղարաբաղյան շարժում․ Տիգրան Պասկևիչյանի հուշերից
Մեր ամբողջ կենսագրությունը զրոյացավ․ Աննա Իսրայելյանի հուշերը 1988-ի և հետագայի մասին
Հայ այլախոհներ․ Վարդան Հարությունյան
1988-ի շարժումը․ վավերագրողի հիշողությունները