Հայ-ադրբեջանական բանակցությունները թեև ակտիվ փուլում չեն, բայց, միևնույն է, դրանց շուրջ քննարկումները չեն դադարում։ Բովանդակությունից բացի, շատ կարևոր հարց է հանդիպման վայրի և միջնորդի ընտրությունը՝ ի վերջո ո՞ւմ հովանու ներքո են դրանք անցկացվելու։
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը մերժեց Բրյուսելի և Վաշինգտոնի բանակցային հարթակները և սկսեց պնդել խնդիրները տարածաշրջանի ներսում լուծելու կարևորությունը, թվում էր՝ Բաքուն փորձելու է ապավինել ռուսական հարթակին կամ էլ տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափին, մանավանդ, որ շուրջ երկու տարվա ընդմիջումից հետո՝ նոյեմբերին, արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացվեց Թեհրանում։
Սակայն ելնելով ընթացիկ զարգացումներից՝ Բաքուն չի շտապում շարժվել վերոնշյալ հարթակների ուղղությամբ, այլ ապավինում է տարածաշրջանի ներսում նոր մարտավարության՝ փորձում է հանդես գալ նոր շեշտադրումներով, և այդ քաղաքականությանն անվերապահորեն աջակցում է Թուրքիան։
Առաջինը՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը երկկողմ ձևաչափ տեղափոխելու Բաքվի ցանկությունն է։ Ադրբեջանական կողմը աշխատում է այդ նպատակի լեգիտիմության բարձրացման շուրջ։ Բաքուն հայ ռազմագերիների և Հայաստանում դատապարտված ադրբեջանցիների փոխանակման մասին համաձայնությունը ներկայացնում է որպես բանակցային մեծ արդյունք և շեշտում, որ այն կայացվել է բացառապես երկու երկրների ընդհանուր որոշմամբ։ Դա հնարավորություն է տալիս ադրբեջանական կողմին վերոնշյալ համաձայնությունը շահարկել միջազգային ազդեցիկ դերակատարների՝ հատկապես Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում և նպատակ ունի հնարավորինս խուսափել ամերիկյան հարկի տակ հայ-ադրբեջանական բանակցությունների անցկացումից։ Ավելին՝ Բաքուն դեռևս դիմադրում է Վաշինգտոնի՝ հայ-ադրբեջանական հերթական բանակցություններ կազմակերպելու առաջարկին և ակնարկում, թե Վաշինգտոնը «կողմնակալ է»։
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած վերջին մամուլի ասուլիսին Ջեյհուն Բայրամովն ասել է, թե իր երկիրը մշտապես հանդես է եկել Երևանի հետ երկկողմ, ինչպես նաև «անաչառ» երրորդ երկրներում բանակցություններ վարելու օգտին։ Անշուշտ, հաշվի առնելով Վաշինգտոնի առկախված առաջարկը, որին ի դեպ արդեն համաձայնել է Երևանը, Բայրամովի ուղերձն ուղղված էր Միացյալ Նահանգներին։
Բաքվի նման մոտեցումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նաև Թուրքիայի դիրքորոշմամբ։ Թուրքական կողմը ամենաբարձր մակարդակով հանդես է գալիս Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայության դեմ։ Նման դիրքավորմամբ հանդես եկավ նաև Հաքան Ֆիդանը Բաքվում, որտեղ կրկին անուններ չտալով, որոշ երկրների մոտեցումները «սխալ» որակեց։
«Արտատարածաշրջանային ուժերը պետք է ապավինեն այնպիսի քաղաքականության, որը հաշվի կառնի տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությունը և կնպաստի հարաբերությունների կարգավորմանը»,- հայտարարել է Ֆիդանը՝ շեշտելով, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բացառապես պայմանավորված է հայ-ադրբեջանական գործընթացով։ Այդ համատեքստում ուշագրավ է նաև այն իրողությունը, որ Ֆիդանը Բայրամովի հետ մամուլի ասուլիսին ընդգծեց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի միջև ձեռքբերած համաձայնությունը՝ այդ կերպ աջակցելով Բաքվի առաջ քաշած երկկողմ օրակարգին։
Բաքվի մյուս կարևոր շեշտադրումը, որն ուշագրավ է, կարծես Թուրքիային հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանի շուրջ ներգրավելու փորձն է։ Ճիշտ է, ադրբեջանական կողմը դրա մասին խոսում էր դեռ 2020-ի Արցախյան պատերազմից հետո, սակայն այն ժամանակ, երբ դեռևս ամուր հիմքերի վրա էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, տարածաշրջանային գործընթացներում հիմնական դերը վերապահված էր Ռուսաստանին։
Իսկ այժմ Ադրբեջանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է ներտարածաշրջանային հավասարման մեջ ակտիվ դերակատարություն ապահովել թուրքական կողմի համար։ Դրա մասին խոսեց նաև Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը՝ նշելով, թե Թուրքիան, իբրև տարածաշրջանի ամենակարևոր պետություններից մեկը, ի տարբերություն որոշ երրորդ երկրների (արտատարածաշրջանային), մեծապես հետաքրքրված է խաղաղության գործընթացով, և Բաքուն, նրա խոսքերով, մշտապես ողջունում է թուրքական կողմի՝ ավելի մեծ դերակատարում ունենալու հեռանկարը։
Անկարայի ավելի մեծ ներգրավվածության փորձերը հնչում են և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում՝ տարբեր տեղեկատվական և փորձագիտական դաշտերում։ Հիմնական ասելիքն այն է, որ Հարավային Կովկասում երկարատև խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանն ունենա բնականոն հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ուստի, ըստ այդ տրամաբանության, անհրաժեշտ է հիմնական հարցերը լուծել վերոնշյալ երկրների միջև։
Անշուշտ, խոսքը Երևանի վրա ճնշումն ավելացնելու փորձերի մասին է։ Դրանք լիովին տեղավորվում են Բաքվի՝ հայ-ադրբեջանական գործընթացը երկկողմ և միգուցե եռակողմ հարթություն տեղափոխելու տրամաբանության մեջ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է հնարավորինս չեզոքացնել առնվազն տարածաշրջանից դուրս գտնվող երկրների ազդեցությունը հարավկովկասյան գործընթացների վրա, և այդ առաքելությունը կարծես ստանձնել է Թուրքիան՝ ավելի մեծ լեգիտիմություն հաղորդելով ադրբեջանական հայտարարություններին։
Այդ քաղաքականությունը նորություն չէ, քանզի արդեն տևական ժամանակ տեսնում ենք, թե ինչպես է թուրքական կողմը Ադրբեջանից էստաֆետը ստանձնել նաև Սյունիքով ացնելիք ճանապարհի հարցում, և այս հարցն արդեն Անկարան է բարձրացնում տարբեր միջազգային հարթակներում։
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը, առայժմ հրաժարվելով Միացյալ Նահանգների հարկի տակ Հայաստանի հետ բանակցություններից, փորձում է այդ վակուումը լրացնել սեփական նախաձեռնությամբ և առաջ տանել Երևանի հետ ուղիղ շփումների անհրաժեշտությունը։ Դժվար է ասել, թե Բաքվի նման քաղաքականությունը որքան կտևի, գուցե մինչև հերթական լուրջ ճնշումը Ադրբեջանի նկատմամբ, սակայն փաստն այն է, որ ադրբեջանական կողմի այդ օրակարգին կարծես միացել է Թուրքիան։ Ըստ ամենայնի, այդ համատեքստում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնացել արտահերթ նախագահական ընտրությունների, որպեսզի, ի թիվս այլ հարցերի, խուսափի ամերիկյան հարկի տակ բանակցություններից և փորձի ժամանակ շահել։ Իսկ հաջորդ տարի թե՛ Ռուսաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են սպասվում։