Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Հայաստանը չի միացել Եվրամիության Խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721), որը վերաբերում է այսպես կոչված «Մագնիտսկու եվրոպական ցուցակին»։ Այս մասին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի հարցմանն ի պատասխան ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Դեկտեմբերի 17-ին ԵՄ խորհուրդը տարածել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որում նշվում էր, թե ԵՄ անդամ չհանդիսացող 11 երկիր՝ այդ թվում Հայաստանն ուր Ադրբեջանը, միացել են ԵՄ խորհրդի՝ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության որոշմանը, որով պատժամիջոցներ են սահմանվում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման համար պատասխանատու պաշտոնյաների, անձանց ու կազմակերպությունների դեմ։

Որոշմամբ խորհուրդը ևս տասներկու ամսով՝ մինչև 2024թ․ դեկտեմբերի 8-ը, երկարաձգել է գործող սահմանափակող միջոցները և փոփոխել սահմանափակող միջոցների ենթակա անձանց և կազմակերպությունների ցանկը։
Դեկտեմբերի 19-ին, սակայն, հաղորդագրությունից հեռացվել են Հայաստանի ու Ադրբեջանի անունները։

ԱԳՆ-ից այս կապակցությամբ հայտնել են. «Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Կոնկրետ ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից»:
Թե ինչու է ի սկզբանե Հայաստանի անունը նշված եղել հաղորդագրության մեջ, ԱԳՆ-ն չի մեկնաբանում։
#CivilNetCheck-ը հարցում է ուղարկել նաև Եվրամիության Խորհուրդ՝ խնդրելով մեկնաբանել այս փոփոխությունը։ Հոդվածը գրելու պահին պատասխան դեռ չէր ստացվել։