Իրադարձությունները «ջրել» են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը․ Փաշինյան

Իրադարձությունները «ջրել» են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Այդ մասին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե Հայաստանի կառավարությունը զրոյացնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք՝ այդ հայտարարությանն առնչվող տարածքում ինչ է կատարվում։ Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է։ Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված որևէ բան այսօր իրականության մեջ կա՞»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այդ փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ հարցին, որով նախատեսվում է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահները, Փաշինյանը նշեց․ «Եթե մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք այդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը»,- հայտարարեց վարչապետը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրել էին հայտարարություն, որով դադարեցվեց 44-օրյա պատերազմը։ Փաստաթղթի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը, որի գտնվելու ժամկետը պետք է կազմեր 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ։

2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը, սակայն, լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին հրադադարի մասին պայմանավորվածությամբ: Հաջորդ օրը Ադրբեջանի Եվլախ քաղաքում կայացավ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը՝ «վերաինտեգրման հարցերը քննարկելու համար»։ Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։ Արցախի բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանման, Արցախից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 100 հազար անձ:

Մեկնաբանել