Դեկտեմբերի 19-ին «Առաջին ալիքին» տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կառավարության ներկայիս քաղաքականության մասին։ Անդրադառնալով «Ղարաբաղի հարցը փակվե՞լ է, մենք ի՞նչ որ բան հիմա ուզում ենք» հարցերին, Փաշինյանը պատասխանել է․
«Մենք ուզում ենք ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը, որովհետև 2018-ին էլ ասել եմ՝ ես Հայաստանի վարչապետն եմ և ՀՀ պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ: Մենք՝ բոլորս, ինձնից սկսած, նախորդներից վերջացրած, Հայաստանի ռեսուրսների 70-80 տոկոսը կամ հիմա տոկոսային, մաթեմատիկական հաշվարկի մեջ չդնենք, առյուծի բաժինը դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցի վրա: Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի քաղաքականություն, Հայաստանը անվտանգության օրակարգ չի ունեցել, ունեցել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության օրակարգ, և այլն և այդպես շարունակ:
Այն ռեսուրսները, որ պետք է մենք դնեինք ՀՀ ստեղծելու վրա, դրել ենք ԼՂՀ ստեղծելու վրա: Մի բան հաշվի չենք առել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումն Անվտանգության խորհրդի ՄԱԿ-ի 1993 թվականի բանաձևերով, Լիսաբոնի գագաթնաժողով, նորից կարող եմ թվարկել, ուղղակի կարճ եմ ասում, 1999 թվականի Ստամբուլյան գագաթնաժողովի արդյունքներով, Մադրիդյան սկզբունքներով, 2016թ. բանակցային փաթեթներով, անհնար է: Հասկանո՞ւմ եք, մենք դրել ենք խնդիր, մեր ռեսուրսը ծախսել ենք մի խնդրի լուծման վրա, որի լուծումն, ի սկզբանե, ողջ միջազգային հանրությունը կանխարգելել է»,- ասել է նա։
Փաշինյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի ԼՂ խնդրի լուծում․ «Բոլոր տարբերակները, որոնք սեղանի վրա եղել են, ենթադրել են ԼՂ հարցի չլուծում։ Մի տարբերակ եղել է [որով լուծվել է] 1999-ին՝ դա Մեղրիի և ԼՂ-ի փոխանակումն է եղել»։
Վարչապետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի խնդրի դեպքում Հայաստանի կառավարության մոտեցումը հետևյալն է՝ եթե նրանք վերադառնալու հնարավորություն չունենան, մնան, ապրեն և արարեն Հայաստանում։
«Ադրբեջանն ի՞նչ է ասում, ասում է՝ ուզո՞ւմ եք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձ, իրավունքներ, անվտանգություն և այլն, խնդիր չկա, եկեք Հայաստանից արտագաղթած ադրբեջանցիների իրավունքներն էլ արձանագրենք խաղաղության պայմանագրում: Իհարկե, մենք դրան կարող ենք ասել Նախիջևանի, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի հայերի վերադարձի իրավունքը, նորից շատ տեղերից հայերի վերադարձի իրավունք, բայց այստեղ թեման հետևյալի մեջ է, մենք ի՞նչ տրամաբանության ենք գնում, մենք հիմա ռեսուրսներ ենք հավաքում գնալու նոր բախմա՞ն, թե՞ մենք ռեսուրսներ ենք հավաքում խաղաղության գնալու համար և այդ ռեսուրսներն օգտագործելու Հայաստանում պետություն կայացնելու վրա: Իմ կարծիքով` ճիշտ ճանապարհն այս է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։