Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը։ Այդ հարցազրույցին նախորդել էին Փաշինյանի մի շարք մարզային այցեր, որոնց ընթացքում նա հերթական անգամ աղմկահարույց հայտարարություններ էր արել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ։
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի համար Փաշինյանը հստակ ուղերձներ էր պատրաստել, որոնք անմիջական կապ ունեն խաղաղության պայմանագրի ստորագրման գործըթացի և այդ գործընթացում ադրբեջանական պահանջների հետ։
Խոսքը, մասնավորապես, Բաքվի կողմից ակնկալվող երաշխիքների մասին է, որոնց մասին նշել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 6-ին Բաքվում «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ընթացքում։ Խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարների մասին՝ նա հայտարարել էր, որ Ադրբեջանը ցանկանում է հստակ երաշխիքներ տեսնել, որ Հայաստանի կողմից ռևանշինզմ չի լինելու, և որ Հայաստանը ամբողջովին ընդունում է ստեղծված իրավիճակը։
Թե ինչ երաշխիքների մասին է խոսում Ալիևը, կարելի է կռահել, օրինակ, ադրբեջանցի իշխանամետ հայտնի փորձագետ, «Թոփչուբաշով կենտրոնի» ղեկավար Ռուսիֆ Հուսեյնովի վերջին հոդվածից։ Հուսեյնովը (նա ադրբեջանական այն փորձագետներից է, որոնց գործառույթների մեջ է մտնում ընկալելի լեզվով արտաքին լսարանին ներկայացնել Բաքվի մոտեցումներն ու դիրքորոշումները) IPG Journal գերմանական ամսագրում լույս տեսած իր հոդվածում նշում է․ «Իրավիճակը նաև բարդանում է նրանով, որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս ներառում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, իսկ նորմատիվ իրավական փաստաթղթերը, ինչպիսին է 1990 թվականի սեպտեմբերի 21-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագիրը, հղում են անում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին 1989 թվականի համատեղ որոշմանը։ Այս իրավական ֆոնը անհանգստություն է առաջացնում Ադրբեջանում, որտեղ կանխատեսվում են այնպիսի սցենարներ, որոնց դեպքում Հայաստանի սահմանադրական դատարանը կարող է մերժել խաղաղության պայմանագիրը կամ հետագայում իշխանափոխությունը կարող է վերհանել տարածքային պահանջները»։
Նմանատիպ մտահոգություններ արտահայտում են նաև Ադրբեջանի փորձագիտական ու քաղաքական դաշտերի այլ ներկայացուցիչներ։ Կա մեծ հավանականություն, որ Ալիևի նշած երաշխիքներից մեկը Երևանի կողմից հենց այդ նորմատիվ իրավական ֆոնից ձերբազատվելն է։
Այդ առումով Փաշինյանի հարցազրույցի հիմնական նպատակը հենց հանրությանը այդ հնարավոր փոփոխություններին նախապատրատելը ու այդ փոփոխությունները քարոզչական մակարդակում արդարացնելն էր։
Փաշինյանի հնչեցրած ամենակարևոր միտքն այն էր, որ Հայաստանի անկախացման ակունքներում կանգնած գործիչները սխալ սկզբունքներով էին առաջնորդվում այդ գործընթացում։ Անդրադարձ կատարելով այդ թեմային՝ նա մասնավորապես նշել է․ «Մենք ընդհանրապես բառերին, հայեցակարգերին պետք է մեծ ուշադրություն դարձնենք ․․․ Երբ որ վերադառնում ենք 1990-91 թվականներ և հետևում ենք այն մարդկանց խոսույթին, որոնք, ի վերջո, հեղինակել են ՀՀ անկախությունը, մի շարք զարմանալի և տարօրինակ փաստերի ենք ականատես լինում, և ինչ այժմ կասեմ, կապ ունի քիչ առաջ ասվածի հետ։ Նկատի ունեմ՝ 1990-91 թվականների խոսույթով մենք պարզում ենք, որ առաջնորդները կամ առնվազն նրանց մի մասը ոչ թե ասում են՝ մեզ անկախություն է պետք, որովհետև մենք ուզում ենք պետություն ունենալ, պետական ազգ լինել, այլ ասում են՝ մեզ անկախություն է պետք՝ ԼՂ հարցը լուծելու համար։ Էստեղ է ամենակարևոր խնդիրը»։
Այս հայտարարությունը համադրելով Ադրբեջանից հնչող հայտարարությունների, ինչպես նաև Փաշինյանի ակտիվացած մարզային հանդիպումների հետ, որոնք քարոզարշավ են հիշեցնում, կարելի է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանին տալ Ալիևի կողմից պահանջվող երաշխիքներից մեկը՝ նորմատիվ իրավական բազայի վերացումը՝ ՀՀ սահմանադրության նախաբանի փոփոխության միջոցով, որում կա հղում Անկախության հռչակագրին։ Այդ առումով հատկանշական է, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը վերջերս սահմանադրական բարեփոխումների առաջարկների նոր փաթեթ է մշակել և քննարկումներ նախաձեռնել փորձագիտական համայնքի հետ։
Փաշինյանի՝ դաշտ նետած խոսույթն այն մասին, որ Հայաստանը, իր ռեսուրսների ահռելի մասը ծախսելով Լեռնային Ղարաբաղի վրա, հնարավորություն չի ունեցել սեփական պետականությունը կառուցել ու ամրապնդել, ապահովում է այդ գործընթացի քարոզչական ֆոնը։ Իշխանությունները վերջին տարիների աղետալի իրադարձությունների մեջ սեփական պատասխանատվության աստիճանը նվազեցնելուն զուգընթաց այժմ նոր քարոզչական պատում են առաջ քաշում, ըստ որի՝ այդ աղետը իրականում կարևոր խոչընդոտից ձերբազատում է և Հայաստանը զարգացնելու հնարավորություն։
Հատկանշական է, որ այդ խոսույթը բավականին լայն տարածում ունի նաև հասարակության տարբեր շերտերի մոտ, և Փաշինյանը, հերթական անգամ դիմելով պոպուլիստական հնարքի, գիտակցաբար լեգիտիմացնում է այդ խոսույթը՝ ամբողջովին անտեսելով դրա հնարավոր բացասական հետևանքները Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ վերաբերմունքի և Հայաստանում նրանց ինտեգրացիայի հեռանկարների վրա։
Հարցազրույցում տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի տեքստում որևէ հիշատակում չի լինելու Լեռնային Ղարաբաղի կամ արցախցիների իրավունքների վերաբերյալ (քանի որ Ադրբեջանը հակառակ պարագայում պնդելու է ադրբեջանցիների Հայաստան վերադարձի իրավունքի ներառումը) ևս որևէ նորություն կամ անակնկալ չէ։ Իրականում ԼՂ հիշատակումը պայմանագրի տեքստում քիչ հավանական էր նույնիսկ Արցախի էթնիկ զտումից առաջ։
Նոր իրողությունների պարագայում ակնհայտ է, որ թե՛ Բաքուն, թե՛ Երևանը բանակցային գործընթացում այդ գլխավոր խոչընդոտը լուծված են համարում և պատրաստ էին/են առաջ շարժվել զրոյական կետից, ինչպես հայտարարեց Փաշինյանը։