Կառավարությունը 1,4 միլիարդով շենք կգնի Քննչական կոմիտեի համար

Կառավարությունը Քննչական կոմիտեի համար ձեռք է բերելու նոր շենք Երևանի Մամիկոնյանց 48 հասցեում։ Շենքը պատկանում է «ԱԿՕՌ» ընկերությանը։ Շենքի համար պետությունն այս ընկերությանը վճարելու է ավելի քան 1,4 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։

Այս հասցեում գործում է «Պառուս» բիզնես կենտրոնը, այն գտնվում է Քննչական կոմիտեի հարևանությամբ։ Կառավարության որոշման հիմնավորումներով՝ պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանումը 2023-ի հունվարի 1-ից դադարեցրել է իր գործունեությունը տվյալ մարմնի կազմում և ամբողջ 55 հաստիքներով, գործառույթներով փոխանցվել Քննչական կոմիտեին։ Քննչական կոմիտեին է միացել նաև Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինը՝ 47 հաստիքներով։ Բոլոր այս քննիչները մինչ այս իրենց գործունեությունը ծավալել են Երևանի Դեղատան 3 հասցեում։

Ըստ հիմնավորման՝ մի քանի քննիչներ մեկ սենյակ են օգտագործում, քննչական գործողության տեսաձայնագրման պարագայում այն բարդություններ է առաջացնում։ Հարցաքննություններ հերթականությամբ հնարավոր չէ իրականացնել, քանի որ դա կազդի քննության արագության ու որակի վրա և կարիք կա յուրաքանչյուր քննիչի համար նախատեսել մեկ աշխատասենյակ։

Ձեռք բերվող շենքի մակերեսը 4 277 քառակուսի մետր է, իսկ հողամասինը՝ 2 700 քառակուսի մետր։ Շենքը ներկայում ծառայում է որպես բիզնես-կենտրոն ու վարձակալությամբ տարածքներ է տրամադրում տարբեր ընկերությունների։ Իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ «ԱԿՕՌ» ընկերության սեփականատերն է ՌԴ քաղաքացի Դմիտրիյ Պավլովը։

Մեկնաբանել