«Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի վերահեռարձակող «Տոսպա» ընկերության գործունեությունը 30 օրով կասեցվել է, հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։
Ըստ դեկտեմբերի 20-ին կազմված արձանագրության՝ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023-ի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին, տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում:
Հանձնաժողովի հաղորդագրությունում նաև նշվում է․ «Հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ և պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ՀՀ ժողովրդի շրջանում առերևույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաև, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ»։