Հայաստանի մարզային քաղաքներում 2001-ից բնակչության թիվը նվազել է 18,4%-ով

Լուսանկարում Ծաղկաձոր քաղաքն է, որտեղ բնակչության թվի ամենամեծ անկումն է գրանցվել՝ -38%

Հայաստանում բնակչության թվաքանակը 2001-2022 թթ․ նվազել է 8,7%-ով՝ հասնելով 2 932 731-ի: Ընդ որում՝ բնակչության թվի անկման տեմպն առավել արագ է եղել մարզային քաղաքների դեպքում՝ 18,4%: Այդ մասին տեղեկանում ենք Սոցիալ-տնտեսական հետազոտությունների հայկական կոնտրոնի (ACSES) հրապարակումից:

Նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում Երևանի բնակչությունը նվազել է 1,5%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 7,5%-ով,

«Ներկայումս մարզային 47 քաղաքներում ապրում է 785 236 մարդ, բնակչությամբ ամենամեծ քաղաքը Գյումրին է՝ 112 301, իսկ ամենափոքրը՝ Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքը՝ 227 բնակչով»,- ասվում է հրապարակման մեջ:

Մարզային քաղաքներից բնակչության թվի ամենամեծ անկումը գրանցվել է Ծաղկաձորում (-38%), որին հաջորդում են Գավառը (-33%), Թալինը (-30%), Վանաձորը (-30%) և Կապանը (-28%):

2001-ի համեմատ բնակչության թվի աճ է արձանագրվել քաղաքներից հինգում՝ Ագարակ (17 անգամ), Բյուրեղավան (28%), Եղվարդ (6%), Աբովյան (4%) և Արթիկ (0,5%):

Նշենք, որ 2022-ի մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 928 914 մարդ: Առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 2 638 917 մարդ։

Հաշվառվել են մշտապես կամ ժամանակավոր Հայաստանում գտնվող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ-ում սովորաբար բնակվող, բայց մարդահամարի հաշվառման պահի դրությամբ բացակայողները։

2011-ին անցկացված մարդահամարի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 90 հազարով։ 2011-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854, 2001-ին՝ 3 213 011 մարդ։

Մեկնաբանել