Արցախի շրջափակումը՝ կրկնակի խնդիր հղի կանանց համար

Արցախում շրջափակման պատճառով մեծ դժվարությունների են բախվում հղի կանայք։ Խանութները և դեղատները դատարկ են։ Չկան մանկական կաթնախառնուրդներ, անհրաժեշտ դեղորայք, տակդիրներ, հագուստ և այլն։

Ստեփանակերտցի Անգելինա Հայրապետյանը հղիության վեցերորդ ամսում է, ասում է․ «Ծննդատուն հերթական այցս շատ դժվար է տրվում, պետք է քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով հասնեմ։ 40 աստիճան արևի տակ շուտ եմ հոգնում։ Լինում է, երբ կեսից նստում եմ մի տեղ, հանգստանում, հետո ճանապարհս շարունակում։ Դրա համար տնից գոնե երկու ժամ շուտ պիտի դուրս գամ»։

Ծննդատանը շատ հղիներ չեն կարողանում անցնել անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունները, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ նյութերը։ Կան դեղեր, որոնք ի սպառ բացակայում են դեղատներում։

Անգելինան ասում է․ «Երբ սիրտս քաղցր է ուզում, տնային պայմաններում արագ մի բան եմ պատրաստում և ուտում։ Հղիության ժամանակ միշտ ավելի զգայուն են լինում կանայք, ունենում են վախեր․ պատկերացրեք իմ ապրումներն այս պայմաններում: Երբ գիտակցում ես, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս սթրեսային վիճակը, ուտելիքների ու վիտամինների բացակայությունը քո ու քո դեռ չծնված երեխայի համար»։

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում, կարելի է ասել, բանջարեղեն և մրգեր հնարավոր չէ գտնել։ Հղիների համար անհրաժեշտ վիտամինները բացակայում են։ Քաղաքում կարող ես գտնել միայն խաղող, սալոր և ձմերուկ։

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ շրջափակման ընթացքում հղիության արհեստական ընտհատումների թիվը կտրուկ աճել է․ պատճառը ոչ լիարժեք սնունդն է, սթրեսը, դեղորայքի բացակայությունը։

Քնարիկ Կարապետյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել