Հայաստանը կփակի ԼՂ-ի՝ առևտրային բանկերին 225 մլրդ դրամ պարտավորությունը

Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստում քննարկում է 2023-ի պետական բյուջեի օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որը ներկայացնում էր նախագիծը, հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղի կառավարության և վերջինիս ստեղծած հիմնադրամների, Լեռնային Ղարաբաղի իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ 2023-ի դեկտեմբերի 29-ի դրությամբ կկազմեն շուրջ 315 մլրդ դրամ, որոնց գերակշիռ մասի սպասարկումը (մայր գումարի և տոկոսավճարների մարումները) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված անհնար է դարձել:

«Նշվածն առաջ է բերում մի շարք բացասական ռիսկեր, մասնավորապես՝ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի կապիտալի էական կորուստներ և ֆինանսական կայունության խաթարում, ֆինանսական ցուցանիշների և բանկերի վարկանիշների էական վատթարացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության առանձին խմբերի վարկունակության էական վատթարացում ստեղծված սոցիալական ծանր պայմաններում»,- նշեշ նա։

Ըստ ֆինանսների նախարարի՝ փոփոխությամբ նախատեսվում է նշված պարտավորությունների վերջնական չափը բաշխել ՀՀ կառավարության և ֆինանսական կազմակերպությունների միջև՝ համապատասխանաբար 70% և 30% համամասնությամբ:

Ընդ որում, ՀՀ կառավարության կողմից պարտավորությունների ստանձնվող 70% չափի մասով գործադիրը կթողարկի պետական գանձապետական պարտատոմսեր՝ ձեռք բերելով վերակառուցվող ամբողջ պարտավորությունների նկատմամբ պահանջի իրավունքը: Նախարարն ասաց, որ չափանիշների վերջնական և ամբողջական ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ: Նրա խոսքով՝ կառավարության մասնակցությունը նախնական քննարկված և վերը նշված չափանիշներով կլինի առավելագույնը 225 մլրդ դրամ:

Մեկնաբանել