Ռուսաստանն ու Հայաստանը ԶԼՄ-ների աշխատանքի հարցերով օպերատիվ կապ են ստեղծել. Կոպիրկին

Ռուսաստանը և Հայաստանը ստեղծել են հաղորդակցության օպերատիվ խողովակներ՝ կապված լրատվամիջոցների աշխատանքի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեր երկրների միջև կա 2020-ի դեկտեմբերի 30-ին կնքված համաձայնագիր զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, և դրա շրջանակներում էր, որ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը և Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն անցկացրել են երկկողմ խորհրդակցություններ։ Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է հայ գործընկերների փաստարկները և ի գիտություն ընդունել նրանց մտահոգությունները։ Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապի ուղիների ստեղծման շուրջ՝ հնարավոր տարաձայնությունները լուծելու մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով»,- նշել է նա։

Ավելի վաղ Երևանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը չի քննարկում ռուսական հեռուստաալիքների արգելման հնարավորությունը, Երևանն ու Մոսկվան քննարկել են այս ոլորտում առկա խնդիրները։

Հոկտեմբերի վերջին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական Առաջին ալիքի եթերում «վիրավորական և անընդունելի հայտարարություններ են հնչել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին»։

Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ հոկտեմբերի 25-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, թե Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները որոշակի խախտումներ են թույլ տվել։

Ավելի ուշ այս մասին հայտարարեց հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել