Ինչպես է լուծվելու Ղարաբաղում վարկով տուն գնած մարդկանց խնդիրը․ քննարկում ԱԺ-ում

Եթե անձը Լեռնային Ղարաբաղում վարկ է վերցրել և, օրինակ, Ստեփանակերտում բնակարան գնել, նրա ճակատագիրը բա՞նկն է որոշելու, թե՞ Հայաստանի կառավարությունը։ Ազգային ժողովում դեկտեմբերի 22-ի արտահերթ նիստին Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ նամաբնույթ հինգ դիմում միայն ինքն է ստացել։

Նախարարը պատասխանեց, որ հիփոթեքային վարկերը, որոնցով մարդիկ Լեռնային Ղարաբաղում տներ են գնել, մտնում է 315 միլիարդ դրամի մեջ։ Ընդհանուր նման պարտավորությունների չափը կազմում 14 մլրդ դրամ։ Ըստ կառավարության ներկայացուցչի, սակայն, կան բացառություններ։ Նշելով 315 միլիարդ դրամի մասին՝ նախարարը նկատի ուներ ՀՀ ֆինանսաբանկային համակարգի հանդեպ Լեռնային Ղարաբաղի պատրավորության մոտարկված չափը, որի 70%-ը կմարի գործադիրը, իսկ մնացած մասը կբաշխվի ֆինանսական կազմակերպությունների միջև:

Վահե Հովհաննիսյանը նաև անդրադարձավ այն վարկերին կամ պարտավորություններին, որոնք չեն մտել 315 մլրդ դրամի մեջ․ «Դրանք են, օրինակ, այն դեպքերը, երբ մարդիկ Լեռնային Ղարաբաղում վարկ են վերցրել, սակայն բիզնեսը կամ գրավը Հայաստանում է։ Այսինքն՝ այնպիսի վարկերը, որոնց հետևից բանկերը կարող են գնալ և ապահովել դրանց հետագա սպասարկումը, դուրս են բերվել։ Այն բիզնեսներ, որոնք գտնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում և գրավը եղել է այնտեղ, մտել են 315 միլիարդի մեջ, որովհետև հասկանում ենք, որ այլևս դրանց հարցը հնարավոր չէ լուծել»,- ամփոփեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «անգրավ վարկերը ևս չեն մտել այդ ցուցակի մեջ»։

«Այսինքն՝ եթե կան անգրավ վարկեր, որը թույլ է տալիս ենթադրել, որ այդտեղ կեղծ գործարքներ են տեղի ունեցել, ապա դրանք էլ մտած չեն 315-ի մեջ»,- նշեց կառավարության ներկայացուցիչը։

Գեղամ Նազարյանը խնդրեց կոնկրետ օրինակով հարցը դիտարկել, որպեսզի ավելի պարզ լինի իրավիճակն ու մարդիկ հեշտ կողմնորոշվեն․ «Անձը վերցրել է 100 հազար դոլարի հիփոթեքային վարկ Արցախում ու տուն գնել։ Անձը նորից պե՞տք է շարունակի վճարել, թե՞ բանկն է իր կողմից ներելու»։

«Եթե հիփոթեքային վարկ է վերցրել, որպեսզի Հայաստանի տարածքում բնակարան գնի՝ ոչ, եթե Ստեփանակերտի մասին է խոսքը, ապա այդ իրավունքն ամբողջությամբ անցնում է Հայաստանի կառավարությանը։ Ուսումնասիրության արդյունքում, եթե պարզվի, որ այդտեղ որևէ գործարք է տեղի ունեցել, մենք պահանջը կներկայացնենք։ Եթե նորմալ գործարք է տեղի ունեցել ու մարդիկ իրենց տունը կորցրել են և չեն կարող սպասարկել իրենց վարկը, այդ գումարն ամբողջությամբ կներվի»,- ամփոփեց գործադիրի ներկայացուցիչը։

Թեմայի առնչությամբ եղավ մեկ այլ հարց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից։ Նա հետաքրքրվեց՝ եթե անձը վարկ է վերցրել ու Հայաստանում է գնել որևէ գույք կամ էլ այդ գումարը պահում է իր մոտ, ապա Հայաստանի Հանրապետությունը պետք է մարի՞ նրա պարտավորությունը։

«Գումար կարող են վերցնել՝ գրավ դնելով։ Եթե գումար են վերցրել ու գրավ են դրել որևէ բան, ապա կախված է, թե գրավը որտեղ է։ Եթե այն եղել է Լեռնային Ղարաբաղում, ապա այս պահին այդ գումարը ներառված է 315 միլիարդի մեջ։ Հետո պետք է առանձին քննությամբ պարզվի՝ այդ վարկն ինչի համար է տրվել»,- կրկնեց նախարարը։

Մեկնաբանել