Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի 2023-ի ավագանու ընտրություններում ստացել է նույն քանակությամբ ձայներ, որքան Ազգային ժողովի 2021-ի արտահերթ ընտրություններում մայրաքաղաքում։
Նրան հարց էր ուղղվել տարածված լուրերի մասով, թե ՔՊ-ն պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ ԱԺ նախագահն այս լուրերը որակեց սուտ՝ նշելով, որ նման հարց չեն քննարկել։
Լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ն Երևանի ավագանու ընտրություններում ցածր տոկոս էր ստացել, Սիմոնյանն արձագանքեց. «Երևան քաղաքում մենք ստացել ենք նույն քանակությամբ ձայներ, որքան ստացել ենք 2021 թվականի ընտրություններում։ Բա դա էլ գնացեք ստուգեք, հաշվարկներն արեք, նոր ձեր հարցը տվեք»,- ասաց Սիմոնյանը։
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը ստուգեց Սիմոնյանի պնդումը։
Այսպես, Երևանի ավագանու 2023-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 75 494 ձայն։

Մինչդեռ, ԱԺ 2021-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ն ստացել էր 181 180:

Փաստացի, ՔՊ-ն 2023-ի ընտրություններում Երևանում ստացել է շուրջ 2,5 անգամ քիչ ձայն, քան 2021-ին։ Անգամ եթե 2023-ի ՔՊ-ի՝ Երևանում ստացած ձայներին գումարենք նրա կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցության ստացած ձայները՝ 26 233, ապա ստացված թիվը՝ 101 727, շատ հեռու է 2021-ի ստացված ձայներից։