Թուրքիայի համար 2023 թվականը հագեցած տարի էր՝ լի կարևոր իրադարձություններով, նշում է գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում։ Նա հիշատակում է տարվա սկզբին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, Թուրքիայի համապետական ընտրությունները, որոնք տեղի ունեցան երկու փուլով, ինչպես նաև հոկտեմբերի վերջին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը։
Վերը թվարկածների շարքում Քոփթաշը շեշտադրում է Էրդողանի դիրքերը։ Ըստ հրապարակախոսի՝ համապետական ընտրություններից հետո, Թուրքիայի նախագահն իրեն ավելի հանդարտ և վստահ է զգում և դեռևս չի օգտագործում կոշտ հռետորաբանություն, սակայն հարկ եղած դեպքում նա կդիմի այդպիսի քայլերի, մանավանդ որ թուրք հասարակության շրջանում բևեռացումը պահպանվում է, ինչն էլ ծառայում է Էրդողանի շահերին։
«Չնայած այն փաստին, որ ներկայում թե՛ ներքաղաքական զարգացումներում, թե՛ արտաքին աշխարհում ընթացող գործողությունները լավ հույս չեն ներշնչում, ինչպիսին է, օրինակ, Իսրայել-Պաղեստին հակամարտությունը, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ամերիկյան ընտրությունները, ինչպես նաև իրավիճակը Կովկասում, սակայն Էրդողանի համար նման իրավիճակը նպաստավոր է։ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և անգամ Ռուսաստանը, որոշակի սպասումներ ունեն Թուրքիայի նախագահից, իսկ նա իր հերթին լավ օգտվում է իրավիճակից, քանզի մասնագիտացել է հավասարակշռություն պահպանելու հարցերում»,- նշում է Քոփթաշը։ Անկարայի դիրքերը նաև ամուր են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության խնդրում։
Այնուամենայնիվ, ներկայում Թուրքիայի ներքաղաքական ամենակարևոր հարցերի մեկը վերաբերում է տնտեսական դժվարություններին։ Սղաճը բավականին բարձր է և ազդել է թուրք հասարակության մեծագույն մասի՝ 70-80 տոկոսի վրա, և միայն մնացած հատվածն է բարվոք վիճակում գտնվում։ Քոփթաշը կարծում է, որ ներկայիս ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը վարում է ավելի ռացիոնալ և կապիտալիստական քաղաքականություն՝ ջանալով բարձրացնել բանկային տոկոսադրույքները, այնինչ նախկինում Թուրքիայի նախագահը հակառակ մոտեցմամբ էր հանդես գալիս, ինչը մեծապես վնասեց տնտեսությանը։
Քոփթաշի կարծիքով՝ միայն սղաճի դեմ պայքարը բավական չէ տնտեսության վերականգնման համար, քանզի անհրաժեշտ է լինելու արտերկրից մեծ ներդրումների ներգրավում, իսկ այդ հարցը լավատեսություն չի ներշնչում, քանզի Թուրքիան վստահության խնդիր ունի։
Գեորգի Միրզաբեկյան