Փաշինյանը մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Փաշինյանը չէր մասնակցել նաև հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին վերջին ամիսներին այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս չեն մասնակցել ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ ամիս կարծիք էր հայտնել, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին․ «Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի»,- ասել էր Սիմոնյանը։

Մեկնաբանել