Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Ինտերֆաքսի ադրբեջանական ծառայությունը։
«Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամիս, փոխանցվել է Հայաստանին»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմի հետ հանդիպումները 2024-ին կշարունակվեն։
Նա ընդգծել է, որ վերջին շրջանում Բաքվում դրական ազդակներ են ստանում Երևանից, բայց Հայաստանից իրական գործողություններ են ակնկալում․ «Մենք իրատեսորեն ենք նայում խաղաղության գործընթացին։ Պետք է հասկանանք, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չէ։ Խաղաղության պայմանագիրը հետագա քննարկումների հիմքն է։ Դրանք առնվազն պայմաններ են Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ հարաբերություններ ձևավորելու համար»,- հավելել Է նախարարը։
Նոյեմբերի 21-ին Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
***
Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն։
«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։