Մկրտիչ Կարապետյան
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը 2018-ին պաշտպանության նախարարությունից հետ է վերցրել Գյումրիի Ղարսի խճուղում գտնվող հողամասերը, բաժանել մի քանի մասերի ու օտարել տարբեր անձանց։ Հողամասերը հանվել են աճուրդի, վաճառվել, երբեմն նվիրատվության պայմանագրեր են կնքվել, ու ի վերջո դրանց սեփականատեր է դարձել Բալասանյանների ընտանիքը կամ նրանց մտերիմը։ Այս հողամասերը գտնվում են Սև բերդ ամրոցի շրջակայքում։ Սև բերդը ևս պատկանում է Բալասանյաններին։ Ամրոցի օտարման հետ կապված կար քրեական գործ, որը սակայն կարճվել է։
Բալասանյանը հետ է վերցնում ՊՆ-ին տված հողամասն ու բաժանում մասերի
Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողերը՝ հայտնի Սև բերդ ամրոցի հարևանությամբ, Գյումրիի քաղաքապետարանը 2005-ին հանձնել էր պաշտպանության նախարարությանը։ Հողերի ընդհանուր մակերեսը մոտ 20 հա է։ 2014-ին հողամասը բաժանվել է երկու մասի՝ Ղարսի խճուղի 2/7 (19 հա) և Ղարսի խճուղի 2/8 (1 հա)։ 2018-ի փետրվարին Գյումրիի ավագանին որոշում է ՊՆ-ից հետ վերցնել այս հողերը՝ համայնքի կարիքների համար։ Մի քանի ամիս անց Գյումրիի նախկին քաղաքապետը Ղարսի խճուղի 2/7 հասցեի գույքը բաժանում է չորս մասի ու սկսում օտարել դրանք։
Այդ մասերից մեկը Ղարսի խճուղի 2/9 հասցեի հողամասն է։ Դրա մակերեսն ի սկզբանե եղել է մոտ 7 000 քմ, բայց չափագրումների արդյունքում հողամասն ընդլայնվել ու դարձել է 11 700 քմ։ Սամվել Բալասանյանն այս հողամասը ՊՆ-ից հետ վերցնելուց հետո՝ 2019-ի օգոստոսին այն վաճառել է քաղաքացի Սիրական Մկոյանին՝ 15,3 մլն դրամով։ Վաճառված հողամասում պետք է կառուցվեր սպասարկման օբյեկտ։

Սիրական Մկոյանը Բալասանյանների շրջապատից է. Բալասանյանի որդիներին պատկանող «Գյումրվա պոլոզ», «Հին ջրաղաց», «Բալջի», «ԱԱ քընսալթինգ» ընկերություններում Մկոյանը աշխատում է որպես տնօրեն։ Երեք ամիս անց Մկոյանը այս հողամասը վաճառում է Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։ Գործարքի գինը կազմում է 16 մլն դրամ։
Ղարսի խճուղի 2/15-ը՝ Բալասանյանների մտերիմին
Սամվել Բալասանյանը հիմնական հողամասից առանձնացրել է երկու այլ կտոր ևս՝ Ղարսի խճուղի 2/10-ը՝ ավելի քան 3 500 քմ մակերեսով, և 2/13-ը՝ 5400 քմ մակերեսով։ Այս երկու առանձին կտորները Բալասանյանը միավորել է 2019-ի փետրվարին։ Այդ ընթացքում նա փոփոխել է հողի գործառնական նշանակությունը՝ դարձնելով հասարակական կառուցապատման նշանակության։ Քանի որ Ղարսի խճուղու այդ հատվածը համընկնում է Սև բերդ հուշարձան շենքի պահպանման գոտու հետ, հողի նշանակության փոփոխության համար պետք էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թույլտվությունը, որը համայնքը ստացել է։
2020-ի օգոստոսին նախկին քաղաքապետը նորից բաժանում է այս հողերը երկու մասի՝ Ղարսի խճուղի 2/10 և 2/15։ Ղարսի խճուղի 2/15-ը 2020-ի հոկտեմբերին համայնքապետը վաճառում է Գյումրիի բնակիչ Գարիկ Գրիգորյանին, որը Բալասանյանների ընտանիքի մտերիմն է, նրանց բիզնեսների հետ կապակցված անձ։ ՍիվիլՆեթի տրամադրության տակ կան բազմաթիվ լիազորագրեր, որոնք վկայում են, որ տարբեր գործարքների համար Բալասանյաններն իրենց անունից գործողություններ կատարելու լիազորություն են տվել Գարիկ Գրիգորյանին։
Գրիգորյանի սոցցանցային էջերը ողողված են Գյումրիում իշխանություն կազմած Բալասանյան դաշինքի նյութերով, լուսանկարներով ու հրապարակումներով։

Առքուվաճառքի գործարքին նախորդել էր հողի աճուրդը, որի միակ մասնակիցը եղել է Գարիկ Գրիգորյանը։ Առքուվաճառքի պայմանագրով՝ 3 420 քմ մակերեսով հողամասը Գրիգորյանին վաճառվել է 4,4 մլն դրամով։ Ըստ համապատասխան որոշման՝ այս հողամասի վրա պետք է կառուցվեր ավտոկայանատեղի։
Առանձնացված մյուս՝ Ղարսի խճուղի 2/10 հասցեի սեփականատեր շարունակում է մնալ Գյումրի համայնքը։
Ղարսի խճուղի 2/11. հանգստի գոտու համար հանձնված ու հետ վերցված հող
Ղարսի խճուղի 2/7-ից առանձնացված ամենամեծ կտորը Ղարսի խճուղի 2/11 հասցեի հողամասն է՝ մոտ 3,2 հա։
2018-ին Սամվել Բալասանյանը այս հողը կառուցապատման իրավունքով հանձնել էր «Սև ղուլ» ՍՊԸ-ին՝ 60 տարի ժամկետով։ Ընկերությունն այստեղ պետք է հանգստի գոտի կազմակերպեր, իրականացներ ներդրումներ։ Տարեկան վճար էր սահմանվել 171 000 դրամը։ «Սև ղուլ» ՍՊԸ-ի սեփականատերերի հետքերը տանում են դեպի Բալասանյաններ։ «Սև ղուլ»-ի բաժնետերը Հարություն Բադիրյանն է՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղից։ Նրա եղբայրը՝ Նարեկ Բադիրյանը, «Բալասանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամի տնօրենն է, ինչպես նաև Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակ Բալասանյանին պատկանող «Գարեջրագործների միավորում» ՀԿ-ի անդամ։ Ավելին՝ Նարեկ Բադիրյանի ընկերություններից մեկի իրավաբանական հասցեն նույնն է, ինչ Բալասանյաններին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի Երևանի ներկայացուցչությանը՝ Ֆուչիկի փողոցում։

«Սև ղուլ»-ին հողամասը 60 տարով հանձնելու որոշումից 1,5 տարի անց, սակայն, Գյումրիի քաղաքապետը խզել է ընկերությանը կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը։ Այս հողամասը ներկայում պատկանում է համայնքին։
Ղարսի խճուղի 2/12
Բայցևայնպես «Սև ղուլ»-ին Ղարսի խճուղում կառուցապատման նպատակով հողամաս է հատկացվել Ղարսի խճուղի 2/12 հասցեում։ Սա ևս մայր հողամասից առանձնացված հատված է, որի մակերեսը 4 140 քմ է։ 2019-ի հուլիսին Գյումրիի նախկին քաղաքապետը հողամասը կառուցապատման իրավունքով հանձնել է «Սև ղուլ» ՍՊԸ-ին՝ 100 տարի ժամկետով։ Այս պայմանագրի կնքման գործում ընկերության անունից լիազորված անձ է եղել Գարիկ Գրիգորյանը։ Տարածքում պետք է կազմակերպվեր հանգստի գոտի։
Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմել է 22 000 դրամ։ Այս տարածքում հանգստի գոտի դեռ կառուցված չէ, շինարարական թույլտվություն նույնպես առկա չէ։
Սրան սահմանակից է Ղարսի խճուղի 6/4 հասցեի հողամասը, որն այդ տարածքի ամենախոշոր հողակտորներից է՝ 4,5 հա մակերեսով։ 2017-ին Գյումրիի քաղաքապետարանը հողը կառուցապատման իրավունքով հանձնել է «Սև ղուլ»-ին՝ 99 տարի ժամկետով։ Հանձնված տարածքը պիտի կանաչապատվեր, բարեկարգվեր ու կազմակերպվեր որպես հանգստի գոտի։ Տարեկան վճար է սահմանվել 245 000 դրամը։

Ղարսի խճուղի 2/8. մեկ հեկտար՝ Խաչատուր Բալասանյանին
2014-ին, երբ դեռ Ղարսի խճուղի 2/7 հասցեի հողամասը հանձնված էր պաշտպանության նախարարությանը, հողամասից առանձնացվեց նոր հասցե՝ Ղարսի խճուղի 2/8-ը։ Դրա մակերեսը 1 հա է։ 2015-ին պաշտպանության նախարարությունը 13 մլն դրամով այս հողամասը վաճառում է գյումրեցի Սուրեն Ջանոյանին։ Ջանոյանը Բալասանյանների մտերիմն է, այժմ Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետն է։ Նա Գյումրիի քաղաքապետարանում պաշտոններ է զբաղեցնում 2017-ից, երբ դեռ քաղաքապետը Սամվել Բալասանյանն էր, մինչ այդ էլ եղել է Բալասանյաններին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի աշխատակից, որտեղ վարորդ-առաքիչից հասել է մինչև մատակարարման ու առաքման բաժնի ղեկավարի պաշտոնի։

Ջանոյանը ավելի ուշ ստանում է շինարարական թույլտվություն, հողի վրա կառուցում հասարակական նշանակության շինություններ։ 2016-ի դեկտեմբերի 1-ին Ջանոյանը 4,9 մլն դրամով հողամասն ու շինությունները վաճառում է Սամվել Բալասանյանի որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, թեպետ քաղաքապետարանից գույքը գնել էր 13 մլն դրամով։ Փաստացի 1 հա հողամասի գինը, դրա վրա կառուցված շինություններով նվազել է՝ համեմատած սկզբնական գնի հետ։ Հողամասի վրա այժմ կառուցված է սպասարկման երեք օբյեկտ, ջրավազան, պահակատուն, պարիսպներ և այլն։ Իրեն պատկանող հողամասի վրա Խաչատուր Բալասանյանն ավելի ուշ կառուցում է ութ տաղավար, որոնք օրինականացվում են 2018-ի հոկտեմբերին, երբ հայրը քաղաքապետ էր։
Գլխավոր դատախազությունը Ղարսի խճուղում Խաչատուր Բալասանյանին պատկանող հողերի հետ կապված պահանջում է վերացնել ավագանու, քաղաքապետի այն որոշումները, որոնցով օտարվել են այս հողերը։ Ըստ դատախազության՝ Ղարսի խճուղի 2/9 և 2/15 հասցեի հողամասերը հատուկ նշանակության էին և չէին կարող օտարվել։ Ինչ վերաբերում է Ղարսի խճուղի 2/8 հասցեին, դատախազությունից ՍիվիլՆեթին տեղեկացրել են, որ դրա օտարման գործընթացի հետ կապված կա քրեական վարույթ։
Սև բերդը՝ Բալասանյաններին
Սև բերդը Գյումրիում կառուցվել է 1830-ականներին։ Այն Ալեքսանդրապոլի պաշտպանական կարևորագույն հանգույցներից էր։ Բերդը կառուցվել էր ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում որպես հենակետ ծառայելու նկատառումներով։ Սև բերդն ու շրջակայքն ընդգրկված են «Կումայրի» պատմամշակութային արգելոցի տարածքում։ Բերդը հանրապետական նշանակության հուշարձան է։

1995-ից Սև բերդը գտնվում էր պաշտպանության նախարարության հաշվեկշռում, 2005-ին այն օտարվել էր քաղաքացի Տիգրան Պետրոսյանին, վերջինս էլ 2012-ին վաճառել է Սամվել Բալասանյանին։ Ձեռքբերումից հետո Բալասանյանները վերակառուցել են բերդը, այն դարձրել մշակութային-մարզական համալիր։ 2019-ի հունիսին Բալասանյանը բերդի տարածքը բաժանել է երկու մասերի՝ դրանք հասցեավորելով Ղարսի խճուղի 2/2 (5 206 քմ և 3 300 քմ շինություններ) և Ղարսի խճուղի 2/14 (2 700 քմ հողամաս և 135 քմ շինություն): 2019-ի դեկտեմբերին Սամվել Բալասանյանն ու նրա կինն այս գույքը նվիրատվությամբ հանձնել են իրենց որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։
2020-ի սեպտեմբերին Սև բերդ ամրոցն 2005-ին օտարելու փաստով հարուցվեց քրեական գործ։ Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ամրոցը պատկանում էր պաշտպանության նախարարությանն ու օտարման ենթակա չէր, քանի որ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձան էր։ Գործը քննում էր Հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեից ՍիվիլՆեթին փոխանցեցին, որ Սև բերդի օտարման հետ կապված քրեական գործը կարճվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։
Խաչատուր Բալասանյանին է պատկանում նաև Ղարսի խճուղի 4/7 հասցեի հողամասը, որի վրա այժմ երկհարկանի շինություն է։ Շինությունը գտնվում է բերդ տանող ճանապարհին՝ բերդի ստորին հատվածում։ 2 333 քմ մակերեսով այս հողամասը եղել է համայնքապատկան։ 2017-ին հողամասն ու դրա վրա գտնվող 31 քմ մակերեսով հասարակական նշանակության շինությունը հանվել են աճուրդի։ Մեկնարկային գինը կազմել է 2,5 մլն դրամ։ Աճուրդում հաղթող է ճանաչվում Բալասանյանների ընտանիքի վստահելի Գարիկ Գրիգորյանը։ Հողամասի համար կնքվում է առքուվաճառքի պայմանագիր, Գրիգորյանը հողի համար վճարում է 2,6 մլն դրամ։ Վեց ամիս անց նա հողամասն օտարում է Խաչատուր Բալասանյանին՝ 2 մլն դրամով՝ սկզբնական գնից էժան։

2021-ի օգոստոսին Խաչատուր Բալասանյանը քաղաքապետ հորից ստացել է շինթույլտվություն հանգստի, ժամանցային ու մարզական հավաքների կենտրոն կառուցելու համար։ Կառուցապատման ճարտարապետական մասի ալբոմից տեղեկանում ենք, որ շինությունը պետք է լիներ միահարկ։ ՍիվիլՆեթի այցելությունը պարզեց, սակայն, որ Խաչատուր Բալասանյանն իրականում կառուցել է նաև երկրորդ հարկը։ Շինարարական աշխատանքներն այստեղ շարունակվում են։
Ղարսի խճուղի 4/7 հասցեի գույքի օրինականության հետ կապված դատախազությունում գործընթաց նախաձեռնված չէ։
Պահեստարան՝ Գարիկ Գրիգորյանին
Բալասանյանների մտերիմ Գարիկ Գրիգորյանը կարողացել է նաև նախկին պահեստարանների սեփականատեր դառնալ։ Պահեստարանները գտնվում են Ղարսի խճուղում։ Այս պահեստարանների մասին կադաստրում հիշատակումները սկսվում են 2018-ի սկզբից։ Պահեստարանը 437 քմ է, իսկ հողամասը՝ 537 քմ։ Քաղաքապետարանը նախ տարածքը հասցեավորում է (Ղարսի խճուղի 10/2), ապա դնում աճուրդի, որտեղ հաղթում է Գարիկ Գրիգորյանի եղբայրը՝ Գուրգեն Գրիգորյանը։ Նա պահեստարանի ու հողամասի համար վճարում է 1,5 մլն դրամ։ 2018-ի հուլիսին անշարժ գույքը բաժանվում է երկու մասի՝ Ղարսի խճուղի 10/2 և 10/1: Վերջին հասցեի գույքը Գուրգեն Գրիգորյանը նվիրատվության պայմանագրով փոխանցում է իր ազգականին, որն էլ 2019-ի հուլիսին այն նվիրում է Գարիկ Գրիգորյանին։
Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետ էր 2012-2021 թվականներին։ 2021-ին Գյումրիում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Բալասանյան» դաշինքը ստացավ մանդատների մեծամասնությունը, դաշինքի կողմից քաղաքապետ դարձավ Վարդգես Սամսոնյանը, և համագործակցության հուշագիր կնքվեց Քաղաքացիական պայմանագրի հետ։ Այս տարվա սեպտեմբերի 5-ին Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, նշանակվեց Իրաքում ՀՀ դեսպան։ Օրերս էլ Քաղաքացիական պայմանագիրը հայտարարեց, որ խզում է հուշագիրը «Բալասանյան» դաշինքի հետ, քանի որ Գյումրիում ստվերային կառավարում է իրականացվում։