Պաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի վերջին առաջարկներին․ «Առաջարկությունների փաթեթը, որի վրա մենք ավելի վաղ աշխատել ենք մեկ ամիս, փոխանցվել է Հայաստանին»,- ասել է նա։ Բայրամովը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ «խաղաղության պայմանագիրը բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում չէ»։
Նոյեմբերի 21-ին Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։
***
Հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ ասել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի ո՞ր հարցերում տարաձայնություններ ունեն․ «Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել էր Կոստանյանը։