ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական օրակարգ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները։

Փաշինյանն իր ելույթում նշել է, որ 2024-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը։

«Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։ Մենք շարունակում ենք այն այդպես ընկալել և հենց այս համատեքստում զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել եվրասիական ինտեգրումը քաղաքականացնելու բոլոր փորձերը։ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ։ Առևտրի և ինտեգրման հիմնարար ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներից ելնելով, դա միանշանակ կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կոռոզիայի»,- ասել է նա։

Դեկտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Փաշինյանը չէր մասնակցել նաև հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին վերջին ամիսներին այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս չեն մասնակցել ՀԱՊԿ, ԱՊՀ նիստերին։

Մեկնաբանել