«Ամերիկացին», Օսկարը, Նեթֆլիքսը և հայկական կինոն

Հոդվածը գրելու պահից մեկ ամիս անց պարզ կդառնա, թե արդյոք «Ամերիկացին» ֆիլմը կընդգրկվի Օսկարի մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում, թե ոչ։

Ցանկացանք առաջ ընկնել այդ իրադարձությունից, որպեսզի ամերիկյան կինոակադեմիայի այս կամ այն որոշումը չազդի գրվածքի տոնայնության վրա։ Սակայն մինչ այդ կինոյի հետ կապված մեկ այլ իրադարձության անդրադառնամ։

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունում գերմանացի նշանավոր դերասան ու կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցիչները ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է երեք՝ «Underdog», «Dead by Dawn», «Collapse», Նեթֆլիքսի ութ-մասանոց ֆիլմերի նկարահանումները Հայաստանում։ Դրան հասնելու համար հարկ է եղել փոփոխություն կատարել Կինոյի մասին օրենքում ու օրենսդրական այլ ակտերում։ Ըստ այդ փոփոխությունների՝ պետության սահմանած բոլոր նորմերը պահպանելու դեպքում մեր երկիրը կփոխհատուցի կինոարտադրողների ծախսերի 10-ից 40 տոկոսը։ Մի կողմից, հաշվի առնելով այդ ընկերությունների բավականին թանկ արժեցող կինոարտադրանքը, կարելի է դժգոհել, թե ինչու պիտի մեր պետությունը մինչև 40 տոկոս ծախսածածկույթ իրականացնի, եթե այդ ֆիլմերը չեն համարվելու հայկական արտադրանք, կամ անգամ Հայաստանի համաֆինանսավորմամբ ստեղծված ֆիլմ։ Սակայն դա ուղիղ ու կարճ ճանապարհ է Հայաստանում կինոարտադրությունը զարգացնելու համար։ Այսպես են առաջ գնացել այսօր արդեն զարգացած կինոարտադրություն ունեցող մի շարք երկրներ։ Բնական է, որ Հայաստան է մուտք գործելու ժամանակակից կինոարտադրության նորագույն տեխնիկա և տեխնոլոգիա, ֆիլմերի ստեղծմանը մասնակից են դառնալու մեծ թվով ինչպես ստեղծագործական պրոֆիլի, այնպես էլ կինոտեխնիկական ու հարակից ոլորտների հայաստանցի մասնագետներ։ Բացի այն, որ նրանք բոլորը պատշաճ վարձատրվելու են, կարևոր է նաև արտասահմանցի պրոֆեսիոնալ գործընկերների հետ աշխատանքային շփման ընթացքում փորձի կուտակումը։ Ըստ էության՝ դրանք կդառնան շատերի համար վարպետության դասեր։ Եվ երրորդ կարևոր հանգամանքը երկրի ճանաչելիության բարձրացումն է թե՛ Հայաստան եկող կինոգործիչների, թե՛ այստեղ ստեղծված ֆիլմերը դիտողների համար։ Այս համագործակցության նախաձեռնողներից մեկը «Ամերիկացին» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արման Նշանյանն է։

«Ամերիկացին» ֆիլմի մասին

Երբ համացանցում Օսկարի կարճ ցուցակում (շորթլիստ) 14 այլ ֆիլմերի հետ տարածվեց նաև այս կինոնկարի ընդգրկվելու մասին լուրը, հաջորդող ժամերին ու օրերին սոցիալական ցանցերը ողողվեցին ինչպես շնորհավորանքների ու ոգևորության, այնպես էլ դժգոհության ու թերահավատության գրառումներով։ Տպավորություն էր, որ «Ամերիկացին» դիտել է ողջ հայությունը։ Մինչդեռ այն ցուցադրվել է ընդամենը երեք-չորս անգամ երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրում և միջազգային պրեմիերայից առաջ։ Ոգևորությունը հասկանալի է․ փաստը շոյել է հայերիս ազգային ինքնասիրությունը, ու ամենևին պարտադիր չէր միմյանց շնորհավորելու համար ֆիլմը դիտած լինել։

Իսկ ի՞նչ էին ասում դժգոհները․ գավառական միջավայր, անհավաստի սյուժե, դարձյալ ու կրկին Ցեղասպանության թեմա, աշխարհին խեղճ ու ցեղասպանված ներկայանալու հերթական փորձ։ Այս երեք պնդումներն անողներին նույնպես պարտադիր չէր կինոնկարը անպայման դիտած լինել։ Բավական էր միայն ֆիլմի մասին անոտացիան կարդալ ու ցույց տալ, թե դիտել են։

Սցենարի հեղինակ, բեմադրիչ և գլխավոր դերակատար Մայքլ Գյուրջյանի սցենարում 1947-ի Երևանն է։ Իսկապես գավառական քաղաք, որը, սակայն, այդ ժամանակների համար այնքան մարդաշատ ու գեղեցիկ փողոցներով է ներկայանում ֆիլմի սկզբում, որ եթե չլիներ Արարատի պատկերն ու արագիլը, քեզ մի պահ կթվար, թե Նյու Յորքն է։ Այնուհետ ֆիլմի գործողությունները տեղափոխվում են բանտախուց, ուր հայտնվում է Ամերիկայից հայրենիք վերադարձած Չարլին։ Ֆիլմում ծավալվող իրադարձությունները տեղի են ունենում հիմնականում այդ բանտախցում, խցի նեղլիկ պատուհանից երևացող դիմացի տան մի սենյակում, երբեմն այլ խցերում կամ բանտի բակում։

Կինոն տարածություն է սիրում, պատկերի ընդարձակ ու լայնաշունչ ազատություն, և դիտողը նեղսրտում է կադրի պատկերային նեղ տարածքից։ Հատկապես, որ հերոսի նկատմամբ անվերջ բռնությունները, խոշտանգումները մռայլ ու կեղեքիչ տրամադրություն են ստեղծում։ Այսքանով հանդերձ, Մայքլ Գյուրջյան դերակատարը կարողանում է ցրել այդ տրամադրությունը։ Ամբողջ այդ բռնությունների ընթացքում ֆիլմը հումորի, կատակների միջոցով կարողանում է մարդկային տառապանքին տրագիկոմիկական որոշակի երանգ հաղորդել։ «Ամերիկացին» ֆիլմում ընդգրկված են թե՛ հայ, թե՛ այլազգի մի քանի տաղանդավոր արտիստներ՝ «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալում կարևոր դեր ստանձնած Հովիկ Կուչկերյանը, Նարինե Գրիգորյանը, Ժան Նշանյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը։ Գուցե հենց տարածության սահմանափակման հետևանքով է, որ երբեմն-երբեմն կինոտեսարանները ավելի շատ թատերական միզանսցենի կանոններով են ընթանում՝ որոշակիորեն ավելորդ բեմականություն հաղորդելով ֆիլմին։

Թերևս բացի գլխավոր դերակատարի ու մի քանի այլ դերասանների փայլուն խաղից, կինոտեխնիկական նոր, բարձրակարգ հնարավորություններից, ֆիլմը հիացնում է նաև մարդկային հուզիչ պատմությամբ։ Սարսափելի Ֆիզիկական կտտանքների ու հոգեկան տառապանքի մատնված Չարլին բանտախցի նեղլիկ պատուհանից ոչ միայն կարողանում է կապ հաստատել արտաքին աշխարհի ու կյանքի հետ, այլև անում է ամեն ինչ օգտակար լինելու այդ պստիկ պատուհանից երևացող տանն ապրող զույգին՝ հաղթահարելու ամուսնալուծության հասցրած ընտանեկան տարաձայնությունները։ Մարդուն ամեն օր կարող են զրկել կյանքից, իսկ ինքը փորձում է փրկել սերը։ Թեկուզև ուրիշների սերը։ Այստեղ արդեն երկրորդական են դառնում սցենարի այլ մոտիվները՝ ստալինյան բռնաճնշումների ժամանակը, հատկապես հայրենադարձների նկատմամբ անվստահության մթնոլորտը, առավել ևս՝ Չարլիի՝ հայոց եղեռնից մի կերպ փրկված լինելու փաստը։ Այս պատմությունը գուցե նույնքան կհուզեր, եթե հերոսն այլ, ասենք՝ գողության համար բանտում հայտնված լիներ։

Հիմա հենց Ցեղասպանության թեմայի դեմ դժգոհությունների մասին։ Այդ տեսարաններն այնքան կարճ են, այնքան ոչինչ չպարտադրող, որ պատմականության չեն տանում, չեն մղում մեկ անգամ ևս ողբերգության վերապրումի։ Այնպես որ, Չարլին կարող էր նաև Ամերիկայում հայտնված լինելու այլ պատճառ ունենալ։ Մինչև համիդյան ջարդերն արդեն իսկ Ամերիկայում, հատկապես Բոստոնում, հայկական մեծ համայնք կար։

Շա՜տ ավելի անհասկանալի է թեմայի դեմ ընդվզումը։ Մեզ միայն թվում է, թե հոգնեցրել ենք աշխարհին Հայոց ցեղասպանության մասին մեր «նվնվոցներով», մինչդեռ, քաղաքակիրթ աշխարհի ճնշող մեծամասնությունը չի էլ լսել այդ մասին։ Բայց հետաքրքիր է, որ «Ամերիկացին» հայության հետ առնչություն ունեցող միակ ֆիլմը չէ, որ հայտնվել է Օսկարի այս տարվա շորթլիստում։ Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» (The Last Repair Shop) կարճամետրաժ վավերագրական ֆիլմի հերոսը 1980-ականների վերջերին հայերի դեմ Ադրբեջանում ծայր առած բռնություններից ու ջարդերից փրկված Սթիվ Բաղմանյանն է։ Այս ֆիլմն արդեն իսկ հաղթող էր ճանաչվել Նյու Յորքի կինոփառատոնում և, ինչպես «Ամերիկացին», բազմաթիվ այլ մրցանակների արժանացել։

Մեկնաբանել