Առողջության ապահովագրման համակարգ․ նախարարի խոստման հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տարեսկզբին հայտարարել էր, որ 2024-ից Հայաստանում կներդվի առողջության ապահովագրման համակարգ։ Նշվում էր, որ առողջության համապարփակ ապահովագրությունը կներդրվի փուլային տարբերակով։

«2024-ին կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաև այլ ցանկացողների: 2025-ին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ»,- փետրվարի 2-ին հայտարարել էր նախարարը՝ հավելելով, որ 2027-ից կլինի պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ողջ բնակչության համար։

Փետրվարի 2-ին կառավարության նիստում հաստատվել էր առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որն ավելի վաղ դրվել էր հանրային քննարկման։

#CivilNetCheck-ի ընթերցողները խնդրել էին ստուգել, թե ինչ փուլում է ապահովագրման համակարգի ներդրման գործընթացը։

Հայեցակարգի ընդունումից հետո Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am) հանրային քննարկման էր դրվել նոր՝ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» նախագիծը։ Դրանով սահմանվում էր, որ ապահովագրավճարի տարեկան դրույքաչափը մեկ ապահովագրվածի հաշվով կազմում է 164 400 դրամ։ Կառավարությունը, սակայն, մինչ օրս չի քննարկել ու չի ընդունել նախագիծը։

«Ներկայում «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքը և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նպատակով մշակված օրենսդրական փաստաթղթերը գտնվում են կառավարության աշխատակազմում։ Կառավարության կողմից վերը նշված փաստաթղթերին հավանություն տալուց հետո դրանք կուղարկվեն Ազգային ժողով»,- ասվում է առողջապահության նախարարության՝ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի հարցման պատասխանում։

Նախարարությունից հավաստիացնում են, որ ներկայում «Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» հաստատված ժամկետները պահպանվում են։

Առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի գնա, ապա համակարգի ներդրումը կսկսվի 2024-ի կեսից։

Ֆինանսների նախարար Վահե հովհաննիսյանը նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում 2024-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտնել էր, որ հաջորդ տարի նախատեսվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար հատկացնել շուրջ 18 մլրդ դրամ:

Մեկնաբանել