Արտադրողն ահազանգում է՝ Lee Deluxe շոկոլադե կոնֆետները Հայաստանում համատարած կեղծվում են. Հետք

Սկզբնաղբյուրը՝ Հետք

Հայկական Lee Deluxe շոկոլադե կոնֆետներ արտադրող «Լիի դելյուքս» ՍՊԸ-ն պնդում է, որ իրենց կոնֆետներից գրեթե ոչնչով չտարբերվող կոնֆետներ են կրկնօրինակվում շուկայում։

«Կեղծված կոնֆետները փաթեթավորմամբ, ապրանքանշանով և անունով շփոթության աստիճան նման են մեր արտադրած Lee կոնֆետներին։ Սպառողների համար դժվար է արտաքինից տարբերել, թե դրանցից որն է իրական Lee-ն, սակայն համով և որակով կեղծված կոնֆետները անհամեմատ ավելի ցածր են մեր արտադրած կոնֆետներից»,- ասում է գործարանի փոխտնօրեն Վաթչե Քուզելյանը, որը նաև գործարանի համահիմնադիրներից է։

Քուզելյանը գործարանի մյուս համահիմնադիրների հետ Lee անունով շոկոլադե կոնֆետներ է սկսել արտադրել 2013 թվականից։ Սկզբում գործարանը շահագործվել է «Լիի շոկոլադ» ՍՊԸ-ով, 2023 թվականից՝ «Լիի դելյուքս» ՍՊԸ-ով։

Վաթչե Քուզելյանը լիբանանահայ է։ Լիբանանում արտադրվող Lee շոկոլադե կոնֆետների օրինակով սկսել է Հայաստանում ևս արտադրել։ Սկզբում «Լիի շոկոլադ» ՍՊԸ-ով, ապա՝ «Լիի դելյուքս»-ով Հայաստանում Մտավոր սեփականության գործակալությունում դեռևս 2014 թվականին գրանցվել է LEEDELUXE անվանումը, ինչպես նաև՝ ապրանքային նշանը։

Վերջին՝ հատկապես երկու տարիներին, գործարանը դժգոհություններ է ստանում կոնֆետի որակի վատացման վերաբերյալ։

Քուզելյանը պատմում է, որ դրանից երեք տարի առաջ էլ գործարան են այցելել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները և ասել, որ գործարանը անօրինական շրջանառություն է իրականացնում և առանց պատշաճ փաստաթղթավորման Լee անունով կոնֆետներ է վաճառում։ Սակայն, հետո ուսումնասիրել են և տեսել, որ շուկայում հայտնված ստվերային խմբաքանակը «Լիի շոկոլադ»-ի արտադրանքը չէ՝ թեև փաթեթավորմամբ և լոգոյով բավականին նման է։

«Լիի դելյուքս» ՍՊԸ-ն սկսել է «բանակցությունները» պատկան մարմինների հետ, սակայն առայժմ որևէ արդյունքի չի հասել։

5-6 տարվա ընթացքում, երբ շուկայում հայտնվել են Lee-ի կրկնօրինակները, ըստ Վաթչե Քուզելյանի՝ իրենց գործարանը 150-200 մլն դրամի վնաս է կրել։

Ընկերությունը պատրաստվում է իրավական գործընթաց սկսել։

«Շուկայում հայտնվել են մեր արտադրած կոնֆետների գրեթե բոլոր տեսակները։ Երբ մի նոր տեսակ ենք արտադրում՝ նոր փաթեթավորմամբ, մի որոշ ժամամակ հետո տեսնում ենք, որ դա էլ է կեղծվում։ Կեղծված Lee անունով կոնֆետներ են վաճառվում Երևանի Փեթակ տոնավաճառում, Երևանի տարբեր խանութներում, նույնիսկ մարզերում՝ Գյումրիում, Վանաձորում և ուրիշ քաղաքներում»,- նշում է Վաթչե Քուզելյանը։

«Փեթակ» տոնավաճառում

Ըստ նրա՝ առևտրի կենտրոններում, նույնիսկ, առանձին բաժիններ են բացվել, որտեղ վաճառվում են Lee կոնֆետներ։ Փակցված են գովազդային ցուցանակներ։ Այդ կոնֆետները որպես կանոն ավելի էժան են, որոշ դեպքերում՝ «Լիի դելյուքս»-ի արտադրած շոկոլադների գնին հավասար։

Վաթչե Քուզելյանը, գործարանի տեխնոլոգներն ու մասնագետները համեմատել են կրկնօրինակված կոնֆետների որակը։ Ասում է, որ դրանք պատրաստված են ցածրորակ հումքից։

Այս տարվա հունիսին ընկերությունը դիմել է Էկոնոմիկայի նախարարությանը կից գործող Մտավոր սեփականության գրասենյակ և հայտնել, որ վաճառվում են շոկոլադե կոնֆետներ, որոնք հանդիսանում են «Լիի շոկոլադ» ՍՊԸ-ի (այդ ժամանակ դեռ «Լիի դելյուքս»-ով չէր շահագործվում գործարանը) արտադրանքի նմանակումը՝ օգտագործելով նշված ընկերության սեփականություն հանդիսացող ապրանքային նշանը և անվանումը։ Դիմումի մեջ նշված է կոնկրետ հասցե և ֆեյսբուքյան էջ, որտեղ ներկայացված են կրկնօրինակված կոնֆետները։

«Այս ամենի հետևանքով սպառողների մոտ ստեղծվում է բացասական կարծիք մեր արտադրանքի որակական հատկանիշների վերաբերյալ, որն իր հերթին վնասում է մեր կազմակերպության գործունեության երկար տարիների ընթացում ձեռք բերած բարի համբավը»,- դիմումի մեջ նշել են ընկերությունից և խնդրել գործին համապատասխան ընթացք տալ։

Դիմումին ի պատասխան՝ Մտավոր սեփականության գրասենյակից հայտնել են, որ վերահսկելու լծակներ չունեն, իրենք միայն մտավոր սեփականությունը գրանցող մարմին են։

Այնուհետև ընկերությունը դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ «Մեր գրավոր դիմումից հետո մեզ պատասխանեցին, որ պետք է նոր հաղորդում ներկայացնենք՝ իրենց օրենքի համաձայն ավելի մանրամասն տեղեկություններ տալով։ Սակայն, հետո մեզ հետ բանավոր զրույցի ընթացքում հանձնաժողովի աշխատակիցներից մեկն ասաց, որ կեղծիքը փոքր ծավալներով է, հետևաբար՝ իմաստ չունի նորից հաղորդում տալ»,- պատմում է Վաթչե Քուզելյանը։

Ըստ նրա՝ այդ պատասխանից հետո անիմաստ են համարել կրկին դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։

«Հետք»-ի բանավոր հարցմանն ի պատասխան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ այս հարցի մասին տեղեկացրել է աշխատակազմին։ Հանձնաժողովից առայժմ այլ մանրամասներ չեն հայտնել։

Հայաստանի մտավոր սեփականության գրասենյակի օնլայն բազայում կարելի է տեսնել, թե Lee անունը պարունակող ինչ ապրանքային նշաններ կան, ովքեր են դրանց սեփականատերերը։ Lee անունով փնտրելիս բացի LEEDELUXE-ից և լիբանանյան LEE CHOC-ից, չհանդիպեցինք որևէ այլ ընկերության, որը շոկոլադի արտադրության համար ամրագրել է այդ անվանումը։

Բացի LEEDELUXE-ից, որի սեփականատերը «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ն է, գրանցված է նաև LEE ապրանքանիշը՝ հագուստ և կոշկեղեն արտադրող, որը հայտնի համաշխարհային բրենդ է և որի արտադրանքը ներկայացված է նաև Հայաստանում։

Գրանցված է նաև LEE CHOC նշանը, որի սեփականատերը Հալեպում գրանցված ընկերություն է և որը Հայաստան է ներմուծում սուրճ, թեյ, շոկոլադ։ Ապրանքային նշանի կողքին կամ ներքևի հատվածում կա նաև անվան արաբերեն տարբերակը։

LEE անվան սեփականատեր է նաև ծխախոտ արտադրող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն, որը ևս սննդի հետ կապ չունի։

Lee-ի անունով կոնֆետներ այսօր ակտիվ գովազդվում են նաև սոցիալական ցանցերով, որոնք կապ չունեն «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ի հետ։

Դրանցից մեկը Choco Lee Chocolate-ն է, որը ունի ինչպես շոկոլադների տեսականին ներկայացնող կայք, այնպես էլ՝ ինստագրամյան էջ։

Choco Lee Chocolate-ի կայքում գրանցված հեռախոսահամարին պատասխանողը ներկայացավ որպես ընկերության տնօրեն՝ Մկրտիչ Մկրտչյան։

Նա նախ նշեց, որ չի պատասխանում լրագրողների հարցերին, սակայն հետո որոշեց կարճ պատասխանել` ասելով, որ Lee շոկոլադն ու LEE deluxe-ը «տարբեր բաներ են»։

Հարցին, թե ո՞ր ընկերությունն է արտադրում Choco Lee Chocolate անվամբ շոկոլադները, մեր զրուցակիցը նախ պատասխանեց «Լիի շոկոլադ», հետո՝ «Չոկո լի շոկոլադ»։ Սակայն, ընկերությունների պետական ռեգիստրում տեսնում ենք, որ «Լիի շոկոլադ» անվամբ մեկ ՍՊԸ կա, որը ինչպես նշվեց վերևում, պատկանում է Վաթչե Քուզելյանին և իր գործընկերներին։ Իսկ «Չոկո լի շոկոլադ» անունով ընկերություն չհայտնաբերվեց։

Հոդվածն ամբողջությամբ կարդացե՛ք Հետքում.

Մեկնաբանել