Երևանի քաղաքապետը դե յուրե, այո՛, Տիգրան Ավինյանն է, որը ներկայացնում է իշխող քաղաքական ուժը, բայց դե ֆակտո Դոգն է, նույն ինքը Վարդան Ղուկասյանը։ Երևանը փաստացի կառավարում է Դոգը՝ Երևանի ավագանու ամենափոքր՝ այս պահին 5-հոգանոց խմբակցությամբ՝ «Հանրային ձայնով»։

Դոգի կուսակցության թեթև ձեռամբ Տիգրան Ավինյանը դարձավ քաղաքապետ, քանի որ ավագանու «Հանրային ձայնի» անդամները եկան ու ապահովեցին քվորում նիստի համար։
Սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ավագանի անցան «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ Նրանցից ոչ մեկը, սակայն, այնքան մանդատ չէր ստացել, որ ինքնուրույն քաղաքապետ ընտրեր։ Սկզբում ընդդիմադիր Ազգային առաջընթացի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն առաջարկեց միավորվել ու իրեն ընտրել քաղաքապետ՝ այսպիսով թույլ չտալով, որ ՔՊ-ն վերարտադրվի։ Հանրային ձայնը մերժեց առաջարկը, քանի որ ուզում էր վերահսկողական պաշտոններ ստանալ, ինչին Մարությանը առարկեց, քանի որ դա, ըստ նրա, հակասում էր օրենքին։
Հանրային ձայն խմբակցության անդամներից մեկը կալանավորված է, մյուսը Հայաստանը լքել է՝ առանց մանդատը վայր դնելու։ Այս պայմաններում ընդդիմադիր երեք ուժերի ձայները հերիք չէին քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու համար, ուստի ընդդիմադիրները որոշեցին առաջին նիստի համար քվորում չապահովել, որ ավագանու նոր ընտրություններ լինեն։ ՔՊ-ին ու նրա արբանյակ համարվող «Հանրապետություն» խմբակցությանը պակասում էր ընդամենը մեկ ձայն քվորում ապահովելու համար, ինչն էլ արեց Դոգի կուսակցությունը։
Դոգը նաև Ավինյանին օգնեց, որ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղիները կտրուկ բարձրանան՝ տարեկան 12 000 դրամից դառնալով 160 000 դրամ։
Կրկին նույն ձեռագիրն է գործել։ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցություններն այսօր որոշել էին չմասնակցել ավագանու նիստին, Դոգի Հանրային ձայնին կրկին հորդորելով, որ իրենց պես վարվի։
Ավագանու նիստը այսօր նախատեսվածից ուշ սկսվեց, եկավ Դոգի թիմը, նրանց կրկին «Մայր Հայաստանի» անդամները հորդորեցին չմտնել ներս: Վիրավորանքների ու ծաղրի միջով այդ հինգը մտան քաղաքապետարան ու կրկին նպաստեցին ՔՊ-ի ծրագրերին։