Դուբայում կկառուցեն Թաջ Մահալի կրկնօրինակը

Էմիրաթական Link Global Group ընկերությունը պատրաստվում է Դուբայում կառուցել Թաջ Մահալի կրկնօրինակը $1 մլրդ-ով, հաղորդում է BBC-ն։ Նախագիծը կոչվում է «Թաջ Արաբիա»։ Գլխավոր շենքը՝ հայտնի դամբարանի կրկնօրինաը, ներառելու է 5-աստղանի հյուրանոց (300 համար)։ Համալիրում լինելու է ևս վեց շենք, այնտեղ լինելու են բուտիկներ, փոքր խանութներ, ռեստորաններ և սրճարաններ, ասված է ընկերության կայքում։

BBC-ն հավելում է, որ Թաջ Մահալի կրկնօրինակի մոտ տեղադրվելու են նաև եգիպտական բուրգերի, Էյֆելյան աշտարակի և Չինական մեծ պատի կրկնօրինակները։ Ընկերության նախագահ Արուն Մեհրան նշել է, որ ամբողջ համալիրը մտածված է՝ որպես «Սիրո նոր քաղաք», և ճարտարապետական գեղեցկության ու սիրային թեմատիկայի համադրությունը, ինչպես լիահույս են նրա ստեղծողները, կգրավի նորապսակների ամբողջ աշխարհից։ Համալիրի կառուցումը խոստանում են ավարտին հասցնել մինչև 2014թ․։