Վրաստանում քչերը գիտեն, թե ինչ է անում  ԵՄ դիտորդական առաքելությունը

OC Media

2022-ի վերջին ԵՄ-ն Հայաստանում տեղակայեց իր դիտորդական առաքելությունը։ ԵՄ-ն Վրաստանում շատ ավելի վաղ՝ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո էր տեղակայել իր առաքելությունը, որն այնտեղ գործում է արդեն 15 տարի։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Վրաստանի (ՀՌԿԿ-Վրաստան) անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ այդ առաելության նպատակների մասին վրաստանցիների գիտելիքը շարունակաբար նվազել է։

ՀՌԿԿ-Վրաստանի հետազոտությունը ցույց է տալիս, որ վրաստանցիների ութից միայն մեկն է, որ գիտի, թե ինչ նպատակ ունի Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը (EU Monitoring Mission – EUMM)։ Ընդ որում հարցվածների ամենամեծ մասը հայտնել է, որ չգիտի, թե որն է դիտորդական առաքելության գործառույթը:

Վրաստանում EUMM-ն ստեղծվել է 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո՝ նպատակ ունենալով կայունացնել «իրավիճակը տեղում»։ Քաղաքացիական անզեն դիտորդները շարունակում են պարեկել Աբխազիայի և Հարավային Օսիայի երկայնքով Վրաստանի վարչական սահմանագծերում: Թեև EUMM-ն Վրաստանում գործում է արդեն 15 տարի, դրա մասին իրազեկվածությունը ցածր է՝ համաձայն Վրաստանում Եվրոպական միության գիտելիքի և վերաբերմունքի վերաբերյալ հետազոտության տվյալների, որը 2023-ի գարնանն անցկացրել է ՀՌԿԿ-Վրաստանը՝ Եվրոպա հիմնադրամի համար:

Հարցին, թե ինչ է անում Վրաստանում EUMM-ն, ութ հոգուց միայն մեկն է (13%) կարողացել ճիշտ նշել դրա առաքելությունը 2023-ին՝ օգնում է կայունացնել իրավիճակը 2008-ի օգոստոսյան պատերազմից տուժած տարածքներում:

Սա զգալի անկում է հետազոտության սկզբից ի վեր, որն արվել էր 2008-ի օգոստոսյան պատերազմից անմիջապես հետո։ Այն ժամանակ երեք անգամ ավելի շատ հարցվածներ (39%) կարողացել էին ճիշտ նշել EUMM-ի առաքելությունը: Այս թիվը կարճաժամկետ կտրվածքով նույնպես նվազում է։ 2017-ին վրաստանցիների 25%-ն էր կարողացել ճիշտ նշել, թե որն է EUMM-ի առաքելությունը՝ գրեթե կրկնակի ավելի, քան ներկայում:

Ամենատարածված պատասխանը հարցին, թե ինչ է անում EUMM-ն, անորոշությունն է․ հարցվածների 43%-ն ասել է, որ չգիտի, թե որն է EUMM-ի հիմնական գործառույթը:

Հարցին մնացած պատասխանները ներառում են մի շարք սխալ պատասխաններ, այդ թվում՝ աջակցել ժողովրդավարական և շուկայական բարեփոխումներին, տարածաշրջանային համագործակցությանը և բարձրագույն կրթությանը:

55 և ավելի բարձր տարիքի մարդկանց 25%-ն է կարողացելճիշտ նշել EUMM-ի առաքելությունը՝ համեմատած 35-54 տարեկանների 16% և 18-34 տարեկանների 14%-ի հետ:

Տղամարդիկ վեց տոկոսային կետով ավելի հակված են հարցին ճիշտ պատասխանելու, քան կանայք:

Էթնիկ վրացիներն (26%) առավել, քան էթնիկ փոքրամասնությունները (12%) հավանական է, որ ճիշտ կնշեն EUMM-ի առաքելությունը:

Չնայած Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության 15-ամյա ներկայությանը, դրա մասին հանրային իրազեկվածությունը մնում է ցածր: Վրաստանցիների միայն 13%-ն է ճիշտ նույնականացրել EUMM-ի առաքելությունը։ Երիտասարդ սերունդները, կանայք և ազգային փոքրամասնությունները, նվազ հավանական է, որ իմանան EUMM-ի առաքելությունը։

Նշում՝ հոդվածում օգտագործված տվյալները հասանելի են այստեղ:

Բլոգային այս գրառումը պատրաստել են ՀՌԿԿ-Վրաստանի ծրագրերի տնօրեն Քրիստինե Վաչարաձեն, վերլուծաբան Անանո Կիպիանին և ՀՌԿԿ-Վրաստանի հետազոտող Մախարե Աչաիձեն:

Մեկնաբանել