Դիմակավորված զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզ», հարձակվել հայ քահանաների վրա

Ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ»-ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Այս մասին հայտարարություն է արել Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը:

Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր:

«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզ»-ի հարցով հայց ներկայացնելու համար: Այսպես են արձագանքում ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը և Ջորջ Ուորվարը իրավական ընթացակարգերին։ Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է»,- նշված է հայտարարությունում։

Պատրիարքությունը կոչ է անում ամբողջ աշխարհի երկրների իշխանություններին և միջազգային լրատվամիջոցներին օգնել փրկել հայկական թաղամասը բռնի կործանումից:

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա շարունակական հանցավոր հարձակումները կազմակերպելու համար: Հարձակումները կարծես թե վերջ չունեն: Իսրայելը օրենքի պետություն է, և նման հանցավոր պահվածքը չի կարող հանդուրժվել ու անպատիժ մնալ»,- ասված է հայտարարության մեջ։

Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժումը հաղորդում է, որ «Կովերի պարտեզ»-ի տարածքի վրա հարձակումից հետո երկու հայ երիտասարդ է ձերբակալվել․ «Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Պետիկ «Խաչ» Կիրակոսյանը, պաշտոնապես ձերբակալված են։ Վաղը նրանց կբերեն դատարան, և նրանց շահերը կներկայացնեն Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման վարձած փաստաբանները»,-ասված է հայտարարությունում։

***

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու խնդիրը 2022-ին լայն արձագանք է ստացել սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում և մեծապես լուսաբանվել է մամուլում այն բանից հետո, երբ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով «Կովերի պարտեզ» տարածքի վարձակալության առնչությամբ։ Նրանք պահանջել էին պատրիարքից չեղյալ հայտարարել «Կովերի պարտեզի» համաձայնագիրը։

Այս տարեսկզբին Երուսաղեմի Հայոց Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որոշմամբ՝ Սուրբ աթոռի կալվածքների տեսուչ նշանակվեց Պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Պարետ վարդապետ Երիցյանին, որի անունը կապվում է «Կովերի պարտեզ» կալվածքը վարձակալության հանձնելու աղմկահարույց հարցի հետ։ Վերջինս կարգալույծ հռչակվեց և հայտարարեց, որ համաձայն չէ որոշման հետ՝ շեշտելով, որ բոլոր գործողություններն իրականացրել է պատրիարքի իմացությամբ և հավանությամբ։

Երուսաղեմի հայկական համայնքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել գործարքի դեմ՝ պահանջելով չեղարկել այն։

2023-ի նոյեմբերին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը տեղեկացրել է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021-ի հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։

Մեկնաբանել