ՔՊ-ն, «Ապրելու երկիրը» և «Զարթոնքը» տապալեցին Գյումրիի 2024-ի բյուջեի ընդունումը

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Զարթոնք» խմբակցությունները դեմ և ձեռնպահ քվեարկելով տապալեցին քաղաքի 2024-ի բյուջեի ընդունումը։ «Քաղաքացիական պայմանագիրը» ավագանու նիստի ընթացքում դժգոհություն էր հայտնում բյուջեի ծախսային որոշ ուղղությունների վերաբերյալ։

2024-ի ավագանու բյուջեին կողմ քվեարկեցին «Բալասանյան» դաշինքն ու ՀՀԿ-ն։ ՔՊ-ն դեմ քվեարկեց դրան, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները՝ ձեռնպահ։

Քվեարկությունից հետո քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը ասաց. «Բյուջեն ընդունված չէ, քաղաքի հետ կապված ընթացիկն ու խիղճը թողնում եմ ձեզ։ Շատ ու շատ ծրագրեր ունեինք, բայց եթե չի ընդունվում բյուջեն, Աստված թող իր խղճի դիմաց բերի, մեր քաղաքացիների աչքերին էլ կարողանանք պարզճակատ նայենք»։

ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն ասաց՝ բյուջեն պիտի ընդունվի օրենքի բոլոր նորմերին համապատասխան. «Բալասանյան դաշինքն ու ՀՀԿ-ն տարիներ անց վերամիավորվել են»,- ասաց Հարությունյանը։

Ավագանու դեկտեմբերի 29-ի նիստում տապալվեց նաև 2024-ի համայնքի տարեկան աշխատանքային պլանը։ Այսօրվա նիստում սակայն «Բալասանյան» դաշինքին հաջողվեց երկու փոխքաղաքապետեր նշանակել՝ Լուսինե Սանոյանին և Սուրեն Ջանոյանին։

Գյումրիում 2021-ի հոկտեմբերից կառավարումն իրականացվում էր ՔՊ-ի և «Բալասանյան» դաշինքի համագործակցության հուշագրի համաձայն։ 2023-ի դեկտեմբերի սկզբին, սակայն, ՔՊ-ն հայտարարեց հուշագիրը խզելու մասին։ Կուսակցությունը հայտարարեց, թե ՀՀ երկրորդ քաղաքը ստվերային է կառավարվում։ Դրան հաջորդեց ՔՊ-ական փոխքաղաքապետերի հրաժարականը։

Մեկնաբանել