Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում վարորդներին հորդորում է փոքր կենտրոն աշխատանքի գնալ ոչ թե անհատական մեքենաներով, այլ տրանսպորտով։ Դեկտեմբերի 29-ի տարեվերջյան ասուլիսին ՍիվիլՆեթը քաղաքապետին փոխանցեց իր ընթերցողների առաջարկը՝ հունվարի վերջին մի քանի օրերին Գայի պողոտայից առավոտյան աշխատանքի գնալ տրանսպորտով։
Դեկտեմբերի 29-ի ասուլիսին ՍիվիլՆեթի հնչեցրած այս առաջարկին Ավինյանը չառարկեց։
«Իհարկե, իհարկե։ Հունվարի վերջին դեռևս վաղ կլինի։ Եթե հաշվի առնենք, որ մենք պլանավորում ենք ավոտբուսային նոր գծեր ու ևս 200 ավտոբուս ունենալ Երևանում։ Ես կարծում եմ՝ այս հարցին կարելի է անդրադառնալ, երբ այս ծրագրերն իրականացրած կլինենք։ Ես հուսով եմ, որ մինչև աշուն մենք ամբողջացրած ենք լինելու ավտոբուսային գծերի աշխատանքը, այդ ժամանակ կարելի է փորձարկումներն իրականացնել»,- շեշտեց Ավինյանը:
Այլընտրանքային ճանապարհների մասին
Նորք-Մարաշը Սարալանջին կապող այլընտրանքային ճանապարհի 60 տոկոսն արդեն իրականացվել է, hայտարարեց Տիգրան Ավինյանը։
Ավինյանը 2023-ի հունվարի խոստացել էր, որ այս ճանապարհը տարեվերջին արդեն պետք է պատրաստ լիներ։ ՍիվիլՆեթը հետաքրքվեց, թե ինչ փուլում է ճանապարհի շինարարությունը։
Ավինյանն պատասխանեց, որ հետաձգումները կապված են կոմունիկացիաների հետ․ «Սարալանջը կապված է խողովակաշարերի հետ, կոմունիկացիաներն ամբողջապես իրենց հետագծերը փոխում են, ուստի չենք հասցրել ավարտին հասցնել Սարալանջի ճանապարհը։ Ենթադրում ենք, որ գարնանը ճանապարն ամբողջապես պատրաստ կլինի»,- ասաց նա։
Մեկ տարի առաջ Ավինյանը խոստացել էր նաև, որ արդեն այսօր երևանցիները կկարողանան օգտվել Նոր Նորքի Գյուրջյան և Շոպրոն փողոցների միացման հատվածի նոր ճանապարհից, սակայն այս մասով էլ խոստումը չի իրականացվել։
«Այդտեղ ունեցել ենք որոշակի թերություններ նախագծում։ Հիմա այն վերանախագծվել է։ Ունեինք խնդիրներ որոշակի գույքերի օտարման հետ կապված, այսինքն՝ որոշակի գույքեր պետք է օտարվեն, որ ճանապարհի համապատասխան լայնությունը կարողանանք ապահովել»,- նշեց Ավինյանը՝ խուսափելով ավարտի հստակ ժամկետներ նշել, քանի որ նպատակ ունեն ամբողջապես հասկանալ նախագիծը, նոր միայն խոսել ժամկետների մասին։
Քաղաքապետարանի՝ նախորդ տարվա գործակարգավարական նիստերից մեկում Ավինյանը հայտարարել էր, թե հարկավոր է փոխել փոսալցման վերաբերյալ մոտեցումն ու դնել հստակ պահանջ՝ «որտեղ ասֆալտը քանդվեց, նույն օրը պետք է այն փոսալցվի»։ Այս պահանջը գործելո՞ւ է 2024-ից, հետաքրքրվեցինք Ավինյանից։
«Մենք այսպես թե այնպես այդ նպատակին հասնելու ենք։ Այսինքն՝ փոսալցման աշխատանքները պետք է իրականացվեն 24 ժամում»։
Կարդացե՛ք նաև՝