Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե 2013-ին Մաքսային միությանը միանալու որոշումն անակնկալ չի եղել, «մեկ գիշերվա ընթացքում» չի ընդունվել։
«Ես երբեք հրապարակավ չեմ ասել, բայց հիմա հանգիստ կարող եմ ասել, որ ես ուղիղ երկու տարի առաջարկում էի, խնդրում էի սկզբից Մաքսային միությանը, այնուհետև Եվրասիական տնտեսական միությանը և անդամակցող երկրներին Հայաստանին ընդունել այդ կառույց […]»,- հայտնել է Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ 2013-ին Մաքսային միությանը միանալու որոշումը «մեկ գիշերում» է ընդունվել։
Սարգսյանը այնուհետ հայտարարել է, թե դրա մասին շատ հստակ գիտեին Հայաստանի ԵՄ գործընկերները. «Եվ դուք պատահակա՞ն եք համարում, եթե ինչպես ձեր ասած շրջանակաները կարծիք են հայտնում, որ իբրև մեզ պարտադրել են, իբրև մենք խաբել են Եվրամիությանը, արդյոք խաբելու պարագայում Եվրամիությունը թույլ կտա՞ր մեզ հետ ստորագրել մի այնպիսի պայմանագիր՝ CEPA կոչվածը (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը-խմբ.), որը պատիվ էր բերում ցանկացած երկրի»։
Լրագրողi դիտարկմանը, որ հանրությունը տեղյակ չէր Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, Սարգսյանը հակադարձել է.
«Հանրությունը ո՞նց չգիտեր։ Դուք ճիշտ չեք ասում, որովհետև հանրությունը շատ լավ գիտեր, որ մենք ուղիղ երկու տարի զուգահեռաբար բանակցում էինք ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵԱՏՄ-ին նախորդած Մաքսային միության հետ…։ Եվ դա էնպիսի մի բան չի, որ գաղտնի լիներ»։
Երրորդ նախագահը աղավաղում է
Հայաստանը 2010-ից սկսել էր բանակցություններ Եվրամիության հետ` Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագրեր ստորագրելու շուրջ:
2011-ի մարտի 16-ին Բրյուսելում այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե հնարավոր է՝ Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ասել էր.
«Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի փորձ, որ որևիցե երկիր, չունենալով աշխարհագրական սահման մաքսային այս կամ այն միության հետ, դառնա այդ մաքսային միության անդամ։ Տեխնիկապես և տեսականորեն այդ խնդիրն անհնարին է լուծել։ Դա նշանակում է, որ Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան մաքսային միության անդամ Հայաստանը չի կարող լինել, եթե, իհարկե, Վրաստանը չանդամակցի։ Կարծում եմ, որ իրատեսական սցենարն այն է, որ փորձում ենք գնալ եվրաինտեգրման ճանապարհով, և մեր քաղաքական նպատակն այսօր այն է, որ լիահույս ենք` դառնալու ենք համապարփակ և խորը ազատ առևտրի համաձայնագրի լիիրավ անդամ»։
2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր. «Խորը, ազատ և համապարփակ առևտրի գոտու պայմանագիրը գրեթե ավարտելու վրա ենք և տա Աստված մեզ կարողություն, որպեսզի այս տարի ավարտենք և ստորագրենք»։
Սարգսյանը հավելել էր, որ առաջիկայում Հայաստան է ժամանելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը․ «Եվ Հայաստանի կառավարությունն ամենայն հավանականությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ ստորագրելու է հուշագիր համագործակցության մասին»։
Փաստացի, Սերժ Սարգսյանը 2013-ի մարտին հստակ հայտնում էր, որ Հայաստանն այդ պահին ուներ ցանկություն՝ ասոցացվել ԵՄ-ի հետ, իսկ ԵԱՏՄ մասով խոսվում էր զուտ համագործակցության շուրջ հուշագրի մասին:
2013-ի հուլիսի 24-ին Եվրոպական հանձնաժողովը հայտնել էր, որ Եվրամիությունն ու Հայաստանը հաջողությամբ ավարտել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին, որը Ասոցացման համաձայնագրի անբաժան մասն է:
2013-ի օգոստոսի 21-ին Հայաստանի արտաքին գործերի այն ժամանակվա փոխնախարար Շավարշ Քոչարյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում մի շարք փաստարկներ էր բերել Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու անցանկալիության մասին. «Պատահական չէ, որ ես պնդում եմ, որ չկա որևէ նախադեպ, որ պետությունը, չունենալով ընդհանուր սահման, լինի Մաքսային միության անդամ: Կան էական այլ հարցադրումներ: Մենք ունենք ազատ առևտրի ռեժիմի պայմանագիր Վրաստանի հետ։ Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»:
Այս հայտարարությունից շուրջ տասն օր անց Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա, որտեղ և անսպասելիորեն հայտարարեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին. «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»:
Այս որոշումից օրեր անց՝ 2013-ի սեպտեմբերի 13-ին ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևանում հայտարարեց. «Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանն այլևս ի վիճակի չի լինի նախաստորագրել համաձայնագիրը, որի շուրջ մենք բանակցել ենք երեքուկես տարի»։
2013-ի նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ԵՄ-ն ու Հայաստանը բավարարվեցին համատեղ հայտարարությամբ, Ասոցացման համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց։
Այսպիսով, հրապակային ելույթներում և հարցազրույցներում ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ նրա կառավարության ներկայացուցիչները երբևէ չեն խոսել Մաքսային միությանը միանալու ցանկության մասին։ Հակառակը՝ մշտապես հույս է հայտնվել, որ ԵՄ-ի հետ կստորագրվի երկար բանակցված համաձայնագիրը։
ԵՄ-ն տեղյա՞կ էր, որ ՀՀ-ն ցանկանում է Մաքսային միության մաս դառնալ
Սերժ Սարգսյանի պնդումը, թե ԵՄ գործընկերները տեղյակ են եղել, որ Հայաստանը «խնդրում է» միանալ Մաքսային միությանը, առնվազն տարակուսելի է։ Շատ հստակ էր, որ Մաքսային միությունն ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագիրն հակասող և բացառող էին։ Բացի այդ, Եվրամիության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Մեդիամաքսին 2013-ի սեպտեմբերին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ԵՄ-ն նախապես տեղեկացված էր, որ Հայաստանը դիտարկում է Մաքսային միությանը միանալու տարբերակը, նշել էր. «ԵՄ-ն այդ մասին ուղղակիորեն տեղեկացվել է միայն օգոստոսի 31-ին: Հուլիսին Երևան կատարած իմ այցի ընթացքում այդ հարցը քննարկումների մաս չի կազմել»:
Ինչպե՞ս տարածվել «մեկ գիշերվա» ընթացքում ստորագրելու տեղեկությունը
Սերժ Սարգսյանը 2014-ի հունվարին Չեխիայում հանդիպել էր տեղի հայերի հետ։ Նրան հարցրել էին, թե Մաքսային միությանը անդամակցելու հարցում ինչու չի հարցրել համայն հայության կարծիքը և հանրաքվե չի անցկացրել, ինչին Սարգսյանը պատասխանել էր. «Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք։ Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ։ Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միությունում պիտի լինի, թե ոչ։ Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել…»։