Անուշ Պետրոսյան
Նոր տարին մնացել է 2020-ում
Երևանի հրապարակում տեղադրված թանկանոց տոնածառը հուշում է, որ մոտենում է Ամանորը։ Ձմեռ պապիկներն արդեն գործի են անցել։ Զբոսնում են քաղաքով, առաջարկում նկարվել։ Նույնիսկ արդեն սկսել են նվերներ բաժանել այն երեխաներին, որոնք, ըստ մեծերի սահմանած չափանիշների, այս տարի իրենց խելոք են պահել։
Քաղաքի խանութներում ասեղ գցելու տեղ չկա։ Եկել է տանտիկինների հմտությունների ցուցադրման իսկական ժամանակը։ Բլինչիկ, խոզի բուդ, տոլմա, մայրաքաղաքային աղցան, ու սեղանը զարդարող էլի մի քանի պահանջված ուտելիքներ։ Պարտադիր է ուտելը, պարտադիր է ստամոքսը ծանրաբեռնելը, պարտադիր է հյուրասիրելը․․․
Իսկ արցախցիների Նոր տարին արդեն չորրորդ տարին է, որ չի գալիս։ Գնացել է ու համառորեն չի գալիս։ Տեղյակ չենք, թե երբ կգա։ Ամանորյա հրաշքին էլ ոչ ոք չի սպասում։ Փոխարենը մարդիկ կենցաղային հրատապ հարցեր են քննարկում։ Տոների ոչ տրամադրություն կա, ոչ էլ ժամանակ։ Հատկապես, որ Նոր տարին ընդունված է նշել տանը, հարազատների հետ։ Մարդիկ տուն չունեն, որոշներն էլ հարազատներին են կորցրել։
Վերջին Նոր տարիները Արցախում
Արցախում Նոր տարին դիմավորում էինք զուսպ և առանց ավելորդ ճոխությունների։ 2019-ը սիրով ճանապարհեցինք, և նույնքան սիրով դիմավորեցինք 2020-ը։ Մտքի ծայրով անգամ չէինք ենթադրի, որ դա մեր վերջին անհոգ Նոր տարին էր։ Վերջին անգամ էր, որ ես իմ ընտանիքի հետ ամբողջ կազմով Նոր տարի ունեցա։ Վերջին անգամ էր, որ Նոր տարին ես իմ տանն էի դիմավորում։
2020-ը դիմավորեցի Շուշիում, մայրիկիս ու հայրիկիս հետ՝ մեր տանը։ 2020-ը ճանապարհեցի Երևանում, առանց հայրիկիս, առանց իմ տան ու առանց Շուշիի։ Այդ ժամանակներից ի վեր խիստ թերահավատորեն եմ մոտենում այն մտքին, որ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կճանապարհես։ Սեփական փորձից եմ ասում՝ սուտ է, չկա նման բան․․․
Այնքան էլ լավ չեմ հիշում այդ Նոր տարին, որովհետև ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ էր։ Իսկ երբ ամեն ինչ լավ է լինում, չես էլ նկատում։ Կարծում ես, որ այդպես էլ պետք է լիներ։ Միայն փշրվելուց հետո ես վերադառնում հուշերիդ, ապրած տոներիդ ու սովորական օրերիդ, որոնք հազար տոն արժեն․․․
2022 և 2023 թվականները ես արդեն դիմավորեցի Ստեփանակերտում։ Տուն չունեի, բայց դե հայրենիքի մի պատառ ունեի։ 2022-ի Նոր տարին նույնպես չեմ հիշում։ Ամեն ինչ քիչ թե շատ կայուն էր։ Եթե իհարկե կարելի է կիսահայրենիք մնացած, ամեն ինչը կիսատ թողած մարդու կյանքի իրադարձությունները կիսախաղաղ պայմաններում կայուն անվանել։ Համենայն դեպս, հիշարժան ու արտառոց բաներ չեմ հիշում։ Միայն գիտեմ, որ տխրություն կար, մի անասելի ու անչափելի տխրություն․․․
Այլ էր իրավիճակը 2022-ը ճանապարհելիս և 2023-ը դիմավորելիս։ Արցախը 2022-ի դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ էր։ Թեև չէինք հավատում, որ ճանապարհը երկար կմնա փակ, բայց մարդիկ մի քանի օրում դատարկեցին Ստեփանակերտի բոլոր մթերային խանութները։ Դրանք ամանորյա գնումներ չէին, դրանք բլոկադային գնումներ էին։ Տպավորություն էր, որ աշխարհի վերջը վրա է հասել, որ գնումներ է՛լ չենք անելու, որ քաղցած ենք մնալու։ Ու այդպես էլ եղավ։ Դրանք վերջին մեծածախ գնումներն էին։ Ստեփանակերտի սուպերմարկետներից հերթով սպառվեցին կոնֆետները, երշիկները, մրգերն ու բանջարեղենը։ Մի քանի ժամում վերջացավ այն ամենը, ինչը սովորաբար խանութներում միշտ կար, ինչի կարիքը միշտ ունես, բայց երբեք չես մտածում, որ կվերջանա։ Դրանից հետո բոլոր գնումները Ստեփանակերտում ուղեկցվում էին երկարաշունչ հերթերով, կռիվներով ու դժգոհություններով։ Կա՛մ բան չկար գնելու, կա՛մ էլ հերթդ չէր հասնում։
Ամեն օր մտածում էինք, թե ուր որ է ճանապարհը կբացվի․ չի կարող ընդմիշտ փակ մնալ։ Մինչև որ խելքի եկանք ու հասկացանք, որ այդ ճանապարհը բացվելու համար չէր փակվել։ Ճանապարհը փակվել էր, որ մենք հյուծվենք ու տանջվենք։ Որ հետո ճանապարհը բացվեր մեկ անգամ ու միակողմանի։ Որ հետո մենք բռնեինք գաղթի ճամփան․․․ Որ էլի չունենայինք Նոր տարիներ․․․
Ի տարբերություն նախորդ տարիների, 2023-ը դիմավորելիս տխրությանը հերթափոխելու էին եկել վախն ու տագնապները։ Բա որ չբացվի ճանապարհը, բա որ բացվի ու նորից փակվի, բա որ ուտելիք չլինի, բա որ կարիք լինի Երևան բժշկի գնալու, բա որ չդիմանանք, բա որ չապրենք, բա որ․․․․
Հետո եղավ այն, ինչ եղավ․․․
Չեմ հասկանում․․․
Անկեղծ ասած, երբեք էլ չեմ հասկացել հայկական ուռճացված սեղանների իմաստն ու նպատակը։ Չեմ հասկացել Նոր տարվա թոհուբոհի, կենացների ու մրցավազքի իմաստը։ Չեմ հասկացել, թե ինչու են մարդիկ համառորեն ճոխ սեղաններ գցում, հետո թափում ուտելիքը։ Այն նույն ուտելիքը, որի կարիքն այնքան շատ ունեինք շրջափակման ամիսներին։
Ու հիմա առավել ևս չեմ հասկանում հազարավոր անտուն մարդկանց ներկայությամբ քաղաքը ճոխ զարդարելու, զարդարանքի վերջին նորամուծություններին ձգտելու իմաստը։ Արցախի ռմբակոծություններն ու պայթյունները հիշեցնող դատարկամիտ հրավառությունների իմաստը։ Ինն ամսից ավել կիսաքաղց մնացած, հետո հայրենիք կորցրած ու դժոխքի ճամփով անցած մարդկանց կողքին ուրախ-զվարթ միջոցառումներ կազմակերպելու իմաստը։ Եռաբլրի չափերը օրեցօր մեծացող ու երկրի չափերը փոքրացող իրականության մեջ Նոր տարի տոնելու, կենացներ խմելու իմաստը։ Կներեք՝ չեմ հասկանում․․․․
Հ․Գ․
Զուգահեռ լսում եմ Միշոյի երգանման տողերը՝ «Անիմաստ ա, անիմաստ ա, անիմաստ ա»։
Գիտեմ՝ կասեք, որ ինչ անում եք, երեխաների համար եք անում․․․ միշտ էլ այդպես են ասում։
***
Անուշ Պետրոսյանը մինչև 2020-ի պատերազմը բնակվել է Շուշիում, քաղաքի կորստից հետո տեղահանվել և հաստատվել է Ստեփանակերտում։ 2023-ին Անուշն արդեն Ստեփանակերտից բռնի տեղահանվել է և եկել Հայաստան։