Ռուսաստանի նախագահը Ամանորի առթիվ շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Վահագան Խաչատրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Գալիք Նոր տարվա և Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորելով Հայաստանի ղեկավարներին՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների շահերին լիովին համապատասխանում է բարեկամական դաշնակցային հարաբերությունների և բազմապլան կառուցողական համագործակցության հետագա հետևողական զարգացումը:

Նոր տարվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահին հասցեագրած շնորհավորական հեռագրում Ռուսաստանի նախագահը նշել է, որ 2023-ին երկու երկրների դաշնակցային հարաբերությունները շատ հաջող են զարգացել, երկու ղեկավարների կանոնավոր հանդիպումները նպաստել են տարբեր ոլորտներում փոխշահավետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը:

«Պուտինը համատեղ արդյունավետ աշխատանքը շարունակելու հույս է հայտնել՝ ինչպես երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ, այնպես էլ Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Մեկնաբանել