2023-ի ամենամեծ ՍՈՒՏԸ. ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգությունը

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, արդեն երրորդ տարին իր ընթերցողներին առաջարկել էր միասին որոշել 2023-ի ամենամեծ սուտը։

Մենք առաջարկել էինք երեք տարբերակ՝ միաժամանակ հնարավորություն տալով նշել սեփական տարբերակները։

Մեր առաջարակած տարբերակներն էին.

  1. Կառավարությունը հանձնառու է ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
  1. Ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգությունը:
  1. Ֆրանսիայի` Հայաստանին տրամադրած «Բաստիոն» զրահամեքենաները թույլ պաշտպանված են:

Այսպիսով 2023-ի ամենամեծ սուտ է ճանաչվել պնդումը, թե ռուս խաղաղապահներն ապահովում են արցախցիների անվտանգությունը։ Այս տարբերակի օգտին քվեարկել է հարցմանը մասնակցածների 67 տոկոսը։

Երկրորդ տեղում պնդումն է, թե ՀՀ կառավարությունը հանձնառու է ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Այս տարբերակը ընտրել է մասնակիցների 30,8 տոկոսը։

Բացի այդ, հարցման թերթիկում ընթերցողը որպես տարվա սուտ է առաջարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնի խոսքը, թե Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի մաս, և իրենք ոչինչ անել չեն կարող։

ՍիվիլՆեթի ֆեյսքուքյան էջում տասնյակ ընթերցողներ ևս նշել են 2023-ի ամենամեծ ստերի իրենց տարբերակը։

Ընթերցնողներից հինգը որպես 2023-ի ամենամեծ սուտ նշել են՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների կարգախոսը՝ «Ապագա կա ապագա»։ Հատկանշական է, որ 2021-ին այս տարբերակն էր ընտրվել որպես տարվա ամենամեծ սուտ։

Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի»՝ «Ասեք՝ կանենք» կարգախոսը ևս հայտնվել է տարվա ստերի ցանկում։ Ընթերցողներից մեկը որպես սուտ է նշել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե Երևանում փոսերը պետք է մեկ օրում լցվեն։

Երկու ընթերցող էլ տարվա սուտ են նշել ՔՊ-ի՝ խաղաղության պայմանագիր կնքելու խոստումները։ Իշխանությունների նոր նախաձեռնած «խաղաղության խաչմերուկն էլ» որպես տարվա սուտ է առաջարկվել։

2023-ի ամենամեծ սուտ է նշվել «Ապօրինի գույքի բռնագրավումների ֆարսը», Պետեկամուտների կոմիտեի նախագահի խոսքը, թե «վրացական համարանիշերով մեքենաների դեմ ցավոտ որոշում չի լինելու», «նախկինները չեն վերադառնալու», «Հայաքվեն», «2023-ին աննախադեպ տնտեսական աճ» լինելու, «անկախ դատաիրավական համակարգ» ունենալու, Հայաստանում կոռուպցիա չլինելու, Ժողովրդի՝ տուգանքի մատերիալ չլինելու, Հայաստանը ինտեգրվում է Եվրոպային պնդումները։

Ընթերցնողները որպես սուտ հիշեցրել են նաև Նիկոլ Փաշինյանի տարիներ առաջ հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է և վերջ», ինչպես նաև Արցախին մենակ չթողնելու խոստումները։

Ռուսաստանի՝ Հայաստանի դաշնակից լինելու, ռուսների՝ Արցախում խաղաղություն պահպանելու պնդումները առանձին նշվել են ընթերցողների կողմից որպես 2023-ի ամենամեծ սուտ։

***

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը մաղթում է ուրախ Ամանոր և Սուրբ ծնունդ։ Թող 2022-ը զերծ լինի ապատեղեկատվությունից և մոլորեցնող ու կեղծ լուրերից և լինի խաղաղ՝ թեկուզ եթե մենք մնանք անգործ 🙂

Մեկնաբանել