Փաշինյանի՝ Լոռի այցից հետո Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու մարզպետն ազատվում են պաշտոններից

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Lոռու մարզպետ Արամ Խաչատրյանը կառավարության 2024-ի առաջին նիստում կազատվեն զբաղեցրած պաշտոններից։ Համապատասխան որոշումները ներառված են հունվարի 4-ի նիստի օրակարգում։

Վարչապետ Նիկոլ փաշինյանը հունվարի 3-ին այցելել էր Լոռու մարզ՝ ծանոթանալու Հագվի, Մեդովկա, Ստեփանավան, Վանաձոր համայնքներում կառուցված ու վերանորոգված դպրոցների շինարարական աշխատանքների ավարտին։ Ստուգելով շինաշխատանքները՝ Փաշինյանը անթաքույց դժգոհություն էր հայտնել՝ ասելով, որ մի դեպքում դպրոցի խաղադաշտի դարպասների ցանցերը «տուկի թել»-ից են, մեկ այլ դեպքում մեղադրել էր աշխատանքն իրականացնողներին՝ բասկետբոլի ցանցի վահանակի չափերի ստանդարտների խախտման մեջ։

«Կառավարությունից մարդ չի՞ գալիս, մարզպետարանից մարդ չի՞ գալիս, Քաղաքաշինության կոմիտեից մարդ չի՞ գալիս, այստեղ հսկող չկա՞: Ենթադրենք, մենք չէինք գալիս, հետևողական չէինք լինում, ի՞նչ վիճակում էր այս դպրոցը երեխաներին հանձնվելու: Որտեղ նայում եմ, կարծես շինարարն ամեն տեղից ցանկացել է 1000 դրամ տանել: Չի կարելի այդպես աշխատել: Սա վերաբերմունք չէ: Ատկա՞տ ենք մենք ուզում շինարարից, մեզ փո՞ղ է տալիս: Ինչո՞ւ այդ մարդիկ իրենց գործը չեն անում: Դժգոհ եմ: Եվ սա Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատվությունն է, տեխհսկողի պատասխանատվությունը»,- բողոքել էր վարչապետը՝ խոստանալով, որ լուրջ որոշումներ պետք է կայացվեն։

Մեկնաբանել