Այսօր՝ կյանքի 91-րդ տարում վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Պատվո շքանշանակիր, պրոֆեսոր, մանկավարժ, հասարակական գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Էդվարդ Միխաիլի Միրզոյանը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարությունից:
Նա ծնվել է 1921թ. Վրաստանի Գորի քաղաքում: 1941 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946–48 թթ. կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր): 1956–91 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), 1977 թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահ:
Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե…», «Երազ տեսա» և այլն), «Հայրենիքն է կանչում» խմբերգը, «Սիմֆոնիկ պարեր», «Տոնական նախերգանք», «Ինտրոդուկցիա և Անընդհատ շարժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը: Կոմպոզիտորի «Լարային կվարտետը» հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է, հայրենասիրաությամբ են շնչում «Հայաստան», «Տոնական» և այլ կանտատներ: Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են «Թավջութակի և դաշնամուրի սոնատը», «Սիմֆոնիան»՝ լարային նվագախմբի և լիտավրների համար: Գրել է նաև «Ալբոմ թոռնիկիս համար» («Առավոտ», «Մարիամ» և այլն), «Պոեմ»՝ դաշնամուրի, «Պոեմ-էպիտաֆիա»՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր: Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական` «Փլուզում», 1959 թ., «Քաոս», 1974 թ., «Հեղկոմի նախագահը», 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմերուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական` «Այսօր արևոտ օր է», 1975 թ.) ֆիլմերը: