«Իվանիշվիլին դեռ Էյֆորիայի մեջ է, երբ հաղթանակի դափնեպսակն իր գլխից հանի, վստահ եմ՝ կգիտակցի՝ ինչ գին ունեն նման հայտարարությունները»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում այսօր նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը:
«Հայտարարությունն, իհարկե, վիրավորում է հայերին, ես ինքս էլ վրդովվեցի, սակայն փորձում եմ հասկանալ նրան, և վստահ եմ, որ հիմա հաղթանակից արբեցած է, գինովցած է, իսկ մի փոքր հետո՝ նաև այդ հայտարարության վաստակած պատասխաններից հետո, սթափ վիճակում կլինի, կգիտակցի՝ որքան կարևոր պետություն է Հայաստանը Վրաստանի համար: Քրիստոնյա Վրաստանի թիկունքը քրիստոնյա Հայաստանն է»,- նշեց Սաֆարյանը:
Նա հիշեցրեց, որ ոչ քաղաքական գործիչների մուտքը մեծ քաղաքականություն հաճախ է նման սկիզբ ունենում, սակայն այս դեպքում, թերևս, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: «Իվանիշվիլին էլ պիտի հասկանա, որ քաղաքական գործընթացները ուղղորդելիս շատ կարևոր է պատմությունն իմանալը: Նա պիտի իմանա հայոց պատմությունը, ուսումնասիրի հայ ժողովրդի ոդիսականը, և գնահատի այն դերը, որ հայերն ու Հայաստանը ունեցել են և ունեն Վրաստանի համար: Վրաստանի շահերից ելնելով՝ նա պիտի փորձի հաշվի առնել հայոց պատմությունը»,- ասաց Սաֆարյանը:
Նրա դիտարկմամբ՝ Իվանիշվիլիի հայտարարության հիմքում կարող է լինել նաև նեղսրտությունը հայերից, քանի որ Ջավախքն այս ընտրություններին առավել քվեարկել է Սաակալշվիլիի օգտին:
«Ես կուզենայի, որ Հայաստանն իրեն շանս տար, ակնհայտ է, որ փողատեր տղա է և հմուտ չէ քաղաքականության մեջ և դեռ չգիտի, որ քաղաքականության մեջ չափազանց մեծ դեր ունի պատմությունը»,- եզրափակեց Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, ըստ ռուսական New Times պարբերականի, ասել է. «Մենք՝ վրացիներս, այնքան տարօրինակ ենք, շատ կապված ենք մեր հողին։ Դա մեր բնավորությունն է։ Այ, օրինակ, այստեղ մեզ մոտ հայեր են ապրում։ Իսկ ես ապշում եմ՝ նրանց հայրենիքն անմիջապես կողքն է, իսկ նրանք այստեղ են ապրում։ Սա Ձեզ համար երևի թե տարօրինակ չէ, սակայն ինձ համար անհասկանալի է։ Միշտ դեպի տուն, հայրենիք վերադառնալը վրացիների գեներում է»,- ասել է նա։
Նաև՝ րոպեներ առաջ Իվանիշվիլին նշել է, որ New Times-ի հարցազրուցավարը կրճատել է իր պատասխանը՝ լիովին աղավաղելով այն: Իրականում ինքն ասել է, որ հայերն ու հրեաները հիացնում են իրեն, որ նրանք ամենուր կարողանում են ուժեղ համայնք ստեղծել և հաստատվել, մինչդեռ զարմանում է իրենց՝ վրացիների վրա, որ ոչ մի տեղ չեն կարողացել հիմնավորվել և ուժեղ համայնք ունենալ: «Ուզում եմ կրկին նշել, որ Վրաստանը բազմազգ պետություն է և հայրենիքը՝ այստեղ ապրող ժողովուրդների»: