Թբիլիսիում Ստալինին պատկերող սրբապատկերի վրա ներկ են լցրել, հարուցել ծայրահեղ աջերի զայրույթը

Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Չորեքշաբթի մի խումբ ծայրահեղ աջ ակտիվիստներ շրջապատել են ակտիվիստ Նատա Փերաձեի տունը, որը մեղադրվում է վիճահարույց սրբապատկերի վրա ներկ լցնելու մեջ։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել խուլիգանության մեղադրանքով:
Երեքշաբթի ակտիվիստ Նատա Պերաձեն Facebook-ում տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, որ Սուրբ Մատրոնա Մոսկվացուն պատկերող սրբապատկերի վրա կապույտ ներկ էր լցված։ Սրբապատկերում, որը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում, 20-րդ դարի այս սուրբը պատկերված է մի տղամարդու ընկերակցությամբ, որը նման է ԽՍՀՄ նախկին առաջնորդ, բռնակալ Իոսիֆ Ստալինին։

Սրբապատկերը լայն հանրությանը հայտնի է դարձել, ինչպես նաև հակասություններ առաջացրել Վրաստանում այն բանից հետո, երբ հունվարի 6-ին վարդապետ Իլիա Չիգլաձեն այն պատկերող լուսանկար էր տարածել վրացական սոցցանցերում:
[Կարդացեք նաև՝ «Ստալինի սրբապատկերը թբիլիսյան եկեղեցում հակասությունների տեղիք է տվել Վրաստանում»]
Կիրակի պահպանողական «Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Դավիթ Թարխան-Մուրավին հայտարարել էր, որ ինքն է սրբապատկերը նվիրել տաճարին՝ պնդելով, որ Ստալինը խորհրդատվության նպատակով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիպել է Սուրբ Մատրոնային։
Չորեքշաբթի Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը OC Media-ին հայտնել է, որ երեքշաբթի հետաքննություն է սկսել սրբապատկերի վրա ներկ լցնելու դեպքի առթիվ՝ մանր խուլիգանության հատկանիշներով։
Թեև հրապարակայնորեն չի հաստատվել, որ Նատա Փերաձեն է պատասխանատու իր հրապարակած տեսանյութի սրբապատկերակի վրա երևացող ներկը լցնելու համար, և՛ նա, և՛ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերեր վստահորեն ակնարկել են, որ դա այդպես է:
Վիրավորանքներ և հարձակումներ
Չորեքշաբթի կեսօրին ծայրահեղ աջ «Ալտ Ինֆո» խմբի մի քանի հարյուր անդամներ հավաքվել են Թբիլիսիում Նատա Փերաձեի տան մոտ։
Փերաձեի կողմից տեսանյութը հրապարակելուց անմիջապես հետո խմբի անդամները կոչ են արել մյուսներին «մոբիլիզացվել» սոցիալական ցանցերում:
OC Media-ն նկատել է, թե ինչպես է ամբոխը, որում մի քանի քահանաներ են եղել, վիրավորական արտահայտություններ անում և փորձում ճեղքել ոստիկանական շղթան Փերաձեի տան մոտ:

Պահպանողական շարժման և ծայրահեղ աջ «Ալտ Ինֆո» խմբի առաջնորդներից Զուրաբ Մախարաձեն, ելույթով դիմելով հավաքվածներին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել Փերաձեի հասցեին։ Նա նաև դիմել է իշխանություններին՝ պահանջելով պատժել Փերաձեին՝ «կրոնական ծեսերի կատարմանը ապօրինի միջամտության» մեղադրանքով։
Փերաձեն հրապարակել է Facebook-ում ստացած անձնական հաղորդագրությունները, որոնցում նրան վիրավորել են ու սպառնացել։ Ակտիվիստը երեքշաբթի սոցցանցում գրել է, որ սպառնալից հաղորդագրություններն ուղարկել է ոստիկանություն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը չի պատասխանել OC Media-ի հարցումներին, թե արդյոք հետաքննություն սկսվել է սպառնալիքների հարցով։Ըստ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության՝ Սուրբ Մատրոնայի սրբապատկերի վրայի ներկը մաքրվել է, իսկ սրբապատկերը նախկին վայրից տեղափոխվել է տաճարի «ավելի տեսանելի հատված»:
Տեղադրություն
Civilnet










