Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է, թե Ղարաբաղի բնակչությանը չպաշտպանելու համար ռուս խաղաղապահների հասցեին հայկական կողմից հնչող մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։ Ըստ նրա՝ դրանք «փաստերը նենգափոխելու փորձեր են ՝ պատասխանատվությունն իրենց վրայից հանելու համար»։
«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, մենք դրանք համարում ենք ապակառուցողական և ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող»,- ասել է նա։
Հունվարի 8-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր․ «Մենք մինչ այժմ որևէ բացատրություն չենք ստացել, թե ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ինչպես է տեղի ունեցել էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում։ ՌԴ-ն ունեցել է նոյեմբերի 9-ի համաձայնագիր, և այդ համաձայնագրով ՌԴ-ն պարտավորություն ուներ ապահովել ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը։ ԼՂ-ում գետնի վրա այլևս հայ չի մնացել»։
Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ, խոսելով հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարությունների մասին, նշել էր, որ Վաշինգտոնում և ԵՄ հարթակում հանդիպումները «որոշակիորեն միջազգային հեղինակություն են հաղորդում բանակցություններին, ավելի լեգիտիմ են դարձնում բանակցությունները»:
Մեկնաբանելով Խանդանյանի հայտարարությունները՝ Զախարովան ասել է․ «Մենք ուշադրություն ենք դարձրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարի հայտարարությանը, թե Բաքվի հետ բանակցությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հարթակներում միջազգային հեղինակություն ունեն, և դա նրանց լեգիտիմություն է տալիս։ Արևմուտքին դուր գալու ձգտման մեջ պետք չէ ծայրահեղության հասնել և աբսուրդի մեջ ընկնել»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ նման հայտարարություններ անող մարդիկ պարզապես կորցրել են չափի զգացումը։
Ըստ նրա՝ Հարավային Կովկասում իրական խաղաղություն հաստատելու համար պետք է առաջ շարժվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններով, որոնք ստորագրվել են 2020-2022 թվականներին․ «Վաշինգտոնը և Բրյուսելը դրանք կա՛մ պատճենել են, հիշեցնեմ նրանց, ովքեր խոսում են այդ երկու հարթակների առավել լեգիտիմ լինելու մասին, կա՛մ դրանք վերաշարադրել են՝ ի նպաստ սեփական շահերի»,- նշել է Զախարովան։