Լոս Անջելեսի շրջանային մարմինը Բայդենի վարչակազմին հորդորում է քայլեր ձեռնարկել՝ ազատելու Բաքվի հայ պատանդներին

Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչների խորհուրդն անցած շաբաթ միաձայն ընդունել է վերահսկիչ Քեթրին Բարգերի հայանպաստ նամակ-միջնորդությունը, որով ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմին կոչ է արվում հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայ պատանդների ապօրինի կալանավորման հարցը լուծելու ուղղությամբ, փոխանցում է «Ասպարեզը»։

Կոչ է արվում նաև պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարության դեմ՝ համաձայն «Մագնիտսկու Մարդու իրավունքների պատասխանատվության գլոբալ ակտի», այն է՝ Ադրբեջանի կողմից հայ գերիների և պատանդների ապօրինի կալանավորման, խոշտանգումների և արտադատական ​​սպանության համար, ինչպես նաև դադարեցնել Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական և տնտեսական ամբողջ օգնությունը։

Ադրբեջանի իշխանությունները կալանավորել են Արցախի երեք նախկին նախագահներին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայինին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին։ Ադրբեջանն ապօրինի կերպով ձերբակալել է նաև քաղաքացիական անձանց, որոնց թվում է 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, որը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից շտապ բուժօգնության նպատակով Հայաստան տեղափոխվելու ժամանակ։

«Սա պատասխանատվության մասին է։ Մենք պետք է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկենք՝ մարդասիրական իրավունքի ոտնահարման համար։ Որպես մի երկրի ղեկավարներ, որը մեծ թվով հայերի տունն է բուն Հայաստանից դուրս, մենք պետք է անենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է և օգտագործենք մեր ձայնը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները և կոչ անենք վերադարձնել բոլոր հայ պատանդներին և ռազմագերիներին։ Մենք բարոյական պարտավորություն ունենք դա անելու։ Ես հպարտ եմ հայ համայնքի կողքին կանգնելու և համերաշխություն հայտնելու համար»,- ասել է նախաձեռնության հեղինակ Բարգերը:

Հայ դատի Արևմտյան ափի հանձնախումբը կոչ է արել հայ համայնքին քայլեր ձեռնարկել՝ հորդորելու ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որպեսզի վերջիններս հրատապ և շոշափելի գործողություններ ձեռնարկեն՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից հայ պատանդների անօրինական կալանավորումը և պատասխանատվություն պահանջեն Ադրբեջանի՝ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար:

Մեկնաբանել