Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Երևանի և Բաքվի միջև կարող են տեղի ունենալ ուղիղ բանակցություններ՝ միջազգային հարթակներում քննարկումներին զուգահեռ։ Ըստ նրա՝ երկկողմ և միջնորդների միջոցով բանակցություններն իրար չեն հակասում։
«Յուրաքանչյուր ուժ, որը մտնում է այդ գործընթացի մեջ ունի իր շահերը։ Պետք չէ ռոմանտիկ լինել։ Ենթադրել, թե, օրինակ, ֆրանսիացիները սիրում են մեզ մեր գեղեցիկ աչքերի համար, հեքիաթներ են: Շահերը կա՛մ համընկնում են, կա՛մ ՝ ոչ»,- այսօր՝ հունվարի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահը։
Նրա կարծքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինքնուրույն լուծեն իրենց հարցերը, որպեսզի «ուրիշների մեծ խաղերում մանրադրամ չդառնան»:
Վերջին շրջանում ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հրապարակային Հայաստանին առաջարկել են բանակցություններն անցկացնել երկկողմ ձևաչափով։
Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող խաղաղության պայմանագրով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն չի ստանձնում։
«Պայմանագիրն այն բանի մասին է, որ երկու կողմերը հավասարապես պարտավորվում են անել նույն քայլերը։ Ենթադրենք՝ հայկական կողմը չպետք է խրախուսի ինչ-որ մի գործողություն, որը միտված կլինի Ադրբեջանի նկատմամբ ագրեսիայի, և նույնկերպ Ադրբեջանը չպետք է խրախուսի նման քայլ։ Ես չգիտեմ նրանք (ընդդիմադիր պատգամավորները – խմբ․) ինչի հետ են ծանոթացել, կամ կարդացել են, չեն հասկացել, կամ հատուկ են դա անում։ Պայմանագրում որևէ կետ չկա, որտեղ նախատեսված է մի կողմի՝ կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի որևիցե գործողություն։ Այսինքն, եթե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը պետք է հետ քաշվի, Ադրբեջանն ու Հայաստանը միևնույն ժամանակ են դա անում»,- ասաց նա։
***
«Հայաստան» խմբակցության պատգամավորները հունվարի 4-ին հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ արտաքին գործերի նախարարությունում ծանոթացել են խաղաղության պայմանագրի նախագծի ադրբեջանական վերջին առաջարկներին․ «Չմանրամասնելով փաստաթղթի առանձին դրույթները՝ արձանագրում ենք, որ ադրբեջանական առաջարկներն ու մոտեցումները որևէ կերպ չեն արտահայտում իրական, արդար և հարատև խաղաղություն հաստատելու ցանկություն ունեցող երկրի դիրքորոշումը։ Վերահաստատում ենք, որ շարունակում են ուժի մեջ մնալ նախկինում մեր կողմից բարձրաձայնված բոլոր մտահոգություններն ու անհանգստությունները, որոնք որևէ կերպ ոչ միայն չեն փարատվում, այլև առավել խորանում են»,- ասված է հայտարարությունում։
Նույն խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունների առարկա փաստաթուղթը «ՀՀ-ին ոչինչ չտվող, նոր զիջումների մասին փաստաթղթի նախագիծ է»։